ՀՀ նախագահը մասնակցել է Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնակատարությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 15, 2011 15:43

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Հայոց Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաև «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին նախագահի’ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցեքարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռեւս 1971թ., վերածվել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարեւոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, եւ լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն:

 

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply