Սերժ Սարգսյանն այցելել է դեղարտադրությամբ զբաղվող «Լիկվոր» գործարան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 15, 2011 14:36

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատարը համարվող «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան:

Նա ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին:

2008թ. հոկտեմբերին մեկնարկած այս գործարանի կառուցման նախագծի մասնակիցներն են 2005 թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Այն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում:

Ինչպես հայտնում է tert.am-ը, իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ նոր այս արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար: Արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում:

Դեռևս 1991թ. հիմնադրված «Լիկվոր» ընկերությունն արտադրում է ներերակային, ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ: Ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 70 անուն դեղորայք, որոնք ընդգրկում են շուրջ 27 դեղագիտական խմբեր: Հայաստանի արտոնագրային վարչությունում գրանցված է ընկերության 25 ապրանքանիշ:

Նախագահը շնորհավորել է գործարանի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել «Լիկվոր» ընկերությանը՝ հետագա զարգացման ծրագրերում:

 

 

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply