Արամը մահվանից առաջ սրտի մոտ գրել է մոր անունը` Հռիփսիմե և վրան սպիտակ վարդ դրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 12:22
2011թ. հունիսի 17-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանի դին դեռ ծնողներին չեն հանձնել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում:
Արամ Մելքոնյանի մայրը` Հռիփսիմեն, որդու հետ խոսել է դեպքից հինգ րոպե առաջ: Որդու վերջին խոսքերն են եղել. «Մամ, ձեզ լավ նայեք, Լուիզային (քրոջը) լավ նայի, պապային էլ լավ նայի, որ առողջանա, ասացի` Արամ, խելոք մնա, վաղը կգանք, ու… անջատեց, հինգ րոպե հետո ինքնասպան է եղել»,- պատմեց Արամի մայրը:
Արամ Մելքոնյանը 2011-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժինը և մեկնել հայկական բանակ: Այս ամիսների ընթացքում մորը տեղեկացրել է բանակում տիրող վարք ու բարքի, սպայական կազմի անտարբերության, զինվորների մեջ առկա տարաբնույթ վիճաբանությունների մասին: Լինելով կրթված անձնավորություն` բանակում չի հաշտվել հատկապես տգիտության հետ: Մայրը` տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ երբ մի անգամ Արամն օգտագործել է «մարտկոց» բառը, զինվորները չեն հասկացել: Տղան հաճախ է ձանձրացել բանակում, անգամ գիրք չի եղել ընթերցելու, քանի որ գրքի թերթերը բանակում օգտագործում են կարիքները հոգալու համար: Արամ Մելքոնյանը հաճախ է ասել, որ բանակում կարգուկանոն չկա, «բանակ չի, բարդակ ա, բարդակ»: Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ տղան կարող էր նաև բանակ չգնալ, սրտանոթային խնդիրներ ուներ, բայց ծնողներն ասել են` դու որոշիր, իսկ նա որոշել է ամեն դեպքում գնալ:
Արամը շատ մաքրասեր էր, բանակի ճաշերը, փնթի վիճակը չէր հանդուրժում, ամեն ինչ ճակատին ասող էր, խորամանկել էլ չգիտեր: Մոր խոսքերով` արդարություն էր ուզում, ազնիվ էր, չափից ավելի, բայց արդեն չէր դիմանում այդ կարգերին:
Քրոջ` Լուիզայի պատմելով` Արամը ե՛ւ ուզում էր գնալ բանակ, ե՛ւ չէր ուզում. «Բարդ բնավորություն ուներ, հոգեպես ճնշված է եղել, իրեն մենակ է զգացել, և որևէ հոգեբան չի եղել, որ նրան օգնի»,- ասաց Լուիզան: Մի անգամ էլ պատմել է, որ իրեն ասել են` «Ախպեր, քեզ չենք հասկանում», այսինքն` այնքան անգրագետ են եղել, որ Արամի բառապաշարը չեն հասկացել:
«Թե ումից էր դժգոհ, անուններ Արամը չէր տալիս, զինվորներից էր ավելի դժգոհ, հիմա ասում են` ընկերուհու հետ է կռվել, այս բոլորը սուտ է: Ինչքան են հասցրել հոգուն, որ նա նման բան է արել»,- ասաց Լուիզան:
Բարեկամները վստահ են, որ հոգեբանական ճնշում գործադրելով են Արամին հասցրել ինքնասպանության:
Արամի տատիկը պահանջում է այդ համակարգում բոլոր պաշտոնյաների հրաժարականները` սկսած նախարարից, նախագահից, մինչև վերջին պաշտոնյան, այլապես հետո էլ չեն կանխվի բանակում նման դեպքերը:
Արամը մահվանից առաջ սրտի մոտ գրել է մոր անունը` Հռիփսիմե և վրան սպիտակ վարդ դրել:
1in.am






Facebook
Tweet This
Email This Post
