ԿԳ նախարարը Վայոց ձորի մարզում բացել է նախակրթարաններ և քոլեջ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 20:14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ: Ելփին և Չիվա գյուղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Դրանք նորոգվել են, կահավորվել՝ անհարաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Նախկինում երբևէ մանկապարտեզներ չունեցած Ելփին և Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում: Նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով և շեշտել, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա:
Նախարարը շրջել է նաև դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, կրթական ծրագրերին, դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավմանը և կրթական ոլորտին առնչվող այլ հարցերի: Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:
Նույն օրը Եղեգնաձորում նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Շնորհավորելով ուսանողներին և մարզի բնակիչներին՝ նախարարն ընդգծել է. <Վայոց ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատություն, որտեղ հնարավոր է ստանալ ժամանակակից և որակյալ կրթություն, որի շնորհիվ այսօրվա ուսանողը կկարողանա աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթության ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդության զբաղվածությունն ապահովելու իրատեսական և առաջնային ճանապարհ>: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ համագործակցության և միջին մասնագիտական կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Քոլեջի բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են արդյունավետ:
Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմումը ուսանողների համար տոնի է վերածվել, նրանք խանդավառությամբ շուրջպար են բռնել, որին միացել է նաև կրթության և գիտության նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
