Արմեն Աշոտյան. «Կրթական ոլորտում կան օրենքներ, որ հակասում են միջազգային պայմանագրերին»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 15:14

ashotyan1«Այսօր բազմաթիվ մասնագիտությունների գծով գերարտադրություն կա: Ամեն տարի մանկավարժական համալսարանը 2500 մասնագետ է պատրաստում, մինչդեռ ոլորտում այդքան թափուր աշխատատեղեր չկան»,- այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նախարարի, սակայն, պետությունը չպետք է միջամտի այս գործընթացին· «Կրթություն պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր ուզում են կրթվել և պատրաստ են վճարել դրա համար: Կրթական խողովակն աշխատաշուկայից անպայման պետք է լայն լինի»:

Աշոտյանն ասում է, որ Հայաստանում մասնագիտական կրթության մի շարք ոլորտներ մրցունակ են միջազգային մակարդակով· միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում է 100 հազար մարդ (74 հազարը` բուհերում), նրանցից մոտ 6 հազարն օտարերկրյա ուսանողներ են: Ըստ նախարարի` սա բարձր և խոսուն ցուցանիշ է:

ԿԳ նախարարն ասում է, որ պետք է հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ համապատասխան պահանջարկ ձևավորվի· «Այսօր գիտելիքը հասարակությունում չի ընկալվում որպես բարեկեցության գրավական· պետք է հասնել դրան: Քանի դեռ գիտելիքը բարեկեցության նախապայման չէ, քաղաքացիների մի մասը չունի իրական գիտելիք ստանալու ցանկություն: Հասարակության պահանջարկ ձևավորելը գերագույն խնդիր է»:

Աշոտյանն ասում է, որ կրթության ոլորտում այսօր շատերն առաջնորդվում են բրենդային քաղաքականությամբ· կարևորում են մասնագիտության կամ կրթօջախի պրեստիժությունը, ոչ թե պահանջարկը կամ որակը· «Այստեղից էլ առաջանում է երևույթը, որ մարդիկ պատրաստ են վճարել չսովորելու համար»:

Աշոտյանի խոսքով`կան օրենքներ, որոնք հակասում են միջազգային պայմանագրերին. «պատահում է, որ նախարարի որոշումները հակասում են կառավարության որոշումներին. օրենսդրական դաշտի այս բացը պետք է լրացնել.հնարավոր չէ որակյալ մասնագետ պատրաստել առանց համապատասխան օրենսդրական բազայի»,- ասում է Աշոտյանը:

Գիտության և կրթության ոլորտի հաջորդ մեծ խնդիրը ֆինանսավորումն է. համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավելի է դժվարացել ոլորտի ֆինանսավորումը,  օրինակ, ավագ դպրոցի բարեփոխումների համար նախատեսված 370 մլն դրամի փոխարեն տրամադրվել է 270 մլն· այսպիսի իրավիճակ է ողջ աշխարհում:

Ուսումնական կիսամյակի մեկնարկով, ինչպես տեղեկացրեց Աշոտյանը, նախարարության թեժ գիծը (010. 52 73 43) բազմաթիվ ահազանգեր է ստացել· հատկապես Երևանյան դպրոցներից դրամահավաքության դեպքերի մասին ահազանգեր շատ են լինում: «Ցավոք, շատ զանգեր անանուն են և ուսումնասիրության հիմքում որպես փաստ չեն կարող օգտագործվել: Ամեն դեպքում իրականացվում է ուսումնասիրություն»,- ասում է Աշոտյանը:

Ըստ նախարարի` հանրակրթական դպրոցի դասագրքերը չեն համապատասխանում կոնկրետ տարիքի երեխաների հոգեբանա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններին: Աշոտյանն ասում է` այս խնդիրը կլուծվի, եթե դասագրքրեը գրվեն մանկավարժական կոլեկտիվների կողմից: «Դասագրքերը նաև ինտերակտիվ չեն· օտար լեզվի դասագրքերը, օրինակ, պետք է կից սկավառակներ ունենան, որոնք կվարժեցնեն երեխայի ունկն ու խոսակցականը. աս ոլորտում մեծ բաց կա»,- ասում է նախարարը:

Դիտվել է 2143 անգամ:
Print Friendly

Leave a Reply