Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 14, 2011 20:00

Ողջունելով նրանց`  Նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար  հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են  իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում՝ Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը:

Հանրապետության ղեկավարի համոզմամբ,  ԱՊՀ-ն անցած  երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ  տարածաշրջանային միջպետական  կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության  մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ: «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երևանյան խորհրդի այսօրվա նիստում և այն հարցերը,  որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար ևս կարևոր են»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները: Համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարևորել և արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաև Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը:

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply