Խորհրդակցություն Doing Business-ի բարելավման միջոցառումների վերաբերյալ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 14, 2011 17:39

Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

Մինչ քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է. «Մեր այսօրվա խորհրդակցությունը նվիրված է բիզնես միջավայրի բարելավման ծրագրի իրականացմանը: Մենք պետք է անցնենք ծրագրված միջոցառումների ցանկով, տեսնենք` ինչպես են դրանք իրականացվում, որպեսզի փուլ առ փուլ Հայաստանի Հանրապետությունում կարողանանք բարելավել բիզնես միջավայրը»:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ծրագրում հիմնականում ներառված են պետական մարմինների գործառույթները թվայնացնող միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով առցանց օգտվել պետական ծառայություններից, ինչը բիզնես միջավայրի բարելավման լավագույն ճանապարհն է:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հարկերի վճարման վարչարարության, արտաքին առևտրի, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, ընկերությունների հիմնադրման և փակման, վարկերի հասանելիության, նոր բիզնես սկսելու և սեփականության գրանցման ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

 

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply