«Ե՞րբ ես տեսել` մաքին լողանա, երբ ղոչը դա´ է ուզում». սեռական բռնություն ամուսնական անկողնում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | October 14, 2011 17:07

Հայաստանում անցկացված սոցհարցումները վկայում են, որ հայ կանանց մի զգալի մասն ամուսնու կողմից իրականացվող բռնի սեռական գործողությունները չի դիտարկում` իբրև բռնություն: Շատերի կարծիքով, դա նորմալ է, քանի որ բռնության ենթարկողն իրենց ամուսինն է: Միայն ծայրահեղ դեպքում և այն էլ ոչ բոլոր կանայք են համարձակվում բարձրաձայնել դա կամ քայլեր ձեռնարկել այդ երևույթի դեմ, մինչդեռ շատերը տարիներ շարունակ հանդուրժում են ամուսնու կողմից իրականացվող բռնությունները` ամուսնական «սուրբ» մահիճը զերծ պահելով «անհարկի խոսակցություններից»:

Ներկայացնում ենք 4 կնոջ պատմություն:

Հոմոսեքսուալ ամուսին, ոչ ավանդական սեռական հարաբերություններ. կինը վերցրեց երեխաներին ու հեռացավ տնից

«Ամուսնացել եմ առանց ամուսնուս լավ ճանաչելու` մեր ընդհանուր ծանոթներից մեկի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում` մի քանի ամիս, խաղաղ էինք ապրում, հետո ամուսինս սկսեց տարօրինակ վարք դրսևորել. չէր աշխատում, ամբողջ օրն անցկացնում էր ընկերների հետ, գիշերը ուշ էր գալիս տուն, աշխատում էր չշփվել ինձ հետ և քնում էր հյուրասենյակի բազմոցին:

Երկրորդ երեխայի ծնվելու հետո զգացի, որ նա սկսել է շատ հաճախակի շփվել իր հորաքրոջ թոռան հետ, որ նրանից մի քանի տարով փոքր մի տղա էր: Հետագայում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ստիպեցին կասկածել, որ նա հոմոսեքսուալ կապի մեջ էր նրա հետ:

Ես փորձեցի խոսել ամուսնուս հետ, սակայն նա վրդովվեց, դարձավ ագրեսիվ, հետո նաև սկսեց ծեծել ինձ` հասցնելով ուշաթափության:

Նա պարտադրում էր ինձ ոչ ավանդական սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, որն ինձ համար անցանկալի էր: Սակայն նա ստիպում էր ինձ անել դա այն վայրում և այն ժամանակ, որտեղ և երբ ինքն էր ցանկանում: Հաճախ սեռական հարաբերությունները տեղի էին ունենում այն սենյակում, որտեղ քնած կամ խաղում էին երեխաները: Նա նվաստացնող սեռական գործողություններից հետո ծաղրում էր ինձ, վարկաբեկում ու հայհոյում:

Ես հասկանում էի, որ կամ պետք է կատարեմ բռնարարի քմահաճույքները` խաչ դնելով սեփական արժանապատվության վրա, կամ դաժան ծեծի ենթարկվեմ:

Դիմեցի սկեսուրիս և սկեսրայրիս օգնությանը, որպեսզի նրանք գոնե աջակցեն մեր ընտանիքի պահպանմանը, սակայն նրան հրաժարվեցին` ասելով, թե պարտավոր եմ դիմանալ և հնազանդվել, քանի որ ամուսնացել եմ և հետդարձի ճանապարհ չունեմ: Աջակցություն չստացա նաև իմ ծնողներից` ստիպված լինելով երկար ժամանակ  դիմանալ ու կատարել բռնարարի բոլոր քմահաճույքները:

Մի օր էլ, հերթական ստորացուցիչ սեռական գործողությունից և դրան հաջորդող ծեծից հետո հավաքեցի իմ և երեխաներիս իրերն ու գնացի հայրական տուն: Ծնողներիս պատմեցի իմ ընտանիքում կատարվածի մասին: Մի կողմ դրեցի ամոթը և նրանց պատմեցի նաև ինտիմ մանրամասները: Նրանք հասկացան ու ընդունեցին ինձ»:

Կնոջ դաստիարակությունը թույլ չի տալիս պատմել, բայց այդ ամենն անտանելի է

«Ես չեմ վախենում իմ մասին պատմելուց, քանի որ ոչ մեկը գլխի չի ընկնի, որ դա ինձ հետ է պատահել: Բոլորն ինձ երջանիկ կին են համարում, նույնիսկ նախանձողներ կան, քանի որ ամուսինս արդեին մի քանի տարի է` Ռուսաստանում է աշխատում և միշտ Հայաստան գալիս շատ փող է բերում:

Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպիսի վիրավորանքներ եմ տանում ես անկողնում: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ինձ պատմել այդ մասին, միայն ասեմ, որ այդ ամենն իմ կամքին հակառակ է տեղի ունենում և անտանելի է:

Մի անգամ այդ ամենն ավարտվեց վեճով, որի ժամանակ ամուսինս ծխախոտը հանգցրեց դեմքիս: Ես փորձեցի պաշտպանվել և այրվածք ստացա կոպիցս մի փոքր վերև: Հրաշքով ծխախոտը աչքս չմտավ:

Առավոտյան, երբ հարևաններս հարցրին, թե ինչ է եղել աչքիս, ասացի, թե միս էի տապակում, և ձեթն է թռել: Թող մտածեն, թե «սիրելի» ամուսնուս համար համեղ կերակուր էի պատրաստում»:

«Ախ էի քաշում, որ գիշերը չգա…»

«Առանց իմ կարծիքը հարցնելու` ծնողներս ինձ ամուսնացրին: Այդ օրվանից ինձ համար տաժանակիր մի կյանք սկսվեց: Ախ էի քաշում, որ գիշերը չգա, իսկ առավոտներն ամաչում էի նայել ամուսնուս դեմքին: Նորից գալիս էր գիշերը, և նա նորից ստիպում էր ինձ անել այն ամենն, ինչ իրեն դուր էր գալիս, իսկ ինձ համար տհաճ էր, վայրենի գազանի պես տանջում էր ինձ: Ես օրեցօր մաշվում էի, և նյարդերս տեղի էին տալիս:

Մի օր այդ մասին պատմեցի մորս և ցույց տվեցի մարմինս: Ասացի, որ նրա մոտ չեմ ուզում վերադառնալ: Մայրս, արցունքները սրբելով, ասաց, որ հորս տեղյակ կպահի: Այդպես մնացի մերոնց մոտ, ու չնայած ամուսնուս խնդրանքներին` չվերադարձա: Տղայիս մեծացնում եմ միայնակ:

Հիմա էլ, երբ հանկարծ պատահաբար փողոցում հանդիպում եմ նախկին ամուսնուս, սրտխառնուք եմ զգում»:

«Ե՞րբ ես տեսել` մաքին լողանա, երբ ղոչը դա´ է ուզում…»

«Ես ամաչում եմ պատմել իմ մասին: Բա որ մեկնումեկն ինձ ճանաչի՞: Կխայտառակվեմ: Երեխաներս չեն ների ինձ, որովհետև նրանց հայրն իսկական հայ տղամարդ է` լավ հայր, ամեն ինչ անում է, որ երեխաները ոչ մի բանի կարիք չզգան: Իսկ ես չգիտեմ, թե ինչ բան է սերը, հաճույքը: Միշտ անում եմ այն, ինչ նա է ցանկանում` անկախ տեղից, վիճակից, պայմաններից: Լեզուս ատամներիս տակ սեղմած` սպասում եմ, թե երբ կվերջացնի իր «գործը» ու ինձ հանգիստ կթողնի: Եվ այդպես` արդեն 28 տարի:

Երբ մի անգամ փորձեցի առարկել, թե դաշտից ենք եկել, հոգնած ենք, կեղտոտ, լողանանք` հետո, նա կոպիտ տոնով ասաց. «Ե՞րբ ես տեսել` մաքին լողանա, երբ ղոչը դա´ է ուզում: Այնպես արա, որ կարոտով չմնամ…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

Դիտվել է 4356 անգամ:
Print Friendly

Leave a Reply