Արտակարգ դեպք Արարատում. հայտնաբերվել է այրված, ածխացած աղջկա դիակ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 15:48
Երեկ` հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես Արարատի մարզից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետապ գյուղի բնակչից:
Բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղին հարակից գերեզմանատան հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա:
Շտապ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խմբի հրահանգով դեպքի վայր էր արդեն ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը: Դեպքի վայրում էր եղել նաև դատական բժիշկը և փորձագետը:
Օպերատիվ-քննչական խումբը նշված ենթակայանի ներսում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ` այրված, ածխացած վիճակում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև` դիակի:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստեղծվել են երեք-չորս օպերատիվ խմբեր` օպերատիվ-քննչական գործողություններն առավել համապարփակ իրականացնելու համար: Այս պահին նրանց թիվ 1 խնդիրն է պարզել դիակի ինքնությունը:






Facebook
Tweet This
Email This Post
