ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների հաջորդ նիստը հավանաբար կանցկացվի Բաքվում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 14, 2011 15:03

Երեւանում տեղի ունեցած ԱՊՀ տարածաշրջանի երկրների ներքին գործերի նախարարների նիստին որոշ պատճառներով բացակայում էր միայն Թուրքմենիան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: «Ոստիկանության համար այսօր իրադարձություն է, քանի որ Հայաստանում են գտնվում ԱՊՀ երկրների ներքին գործերի բոլոր նախարարրությունների, ոստիկանությունների պատվիրակությունները’ հիմնականում առաջին դեմքերի’ նախարարների գլխավորությամբ: Բոլորը սիրով են այցելել Հայաստան, ու նրանց վերաբերմունքը խոսում է այն մասին, որ մեր երկրի հանդեպ ունեն ընդգծված հարգալից վերաբերմունք»,- ասաց ոստիկանապետը: Նրա խոսքով’ քննարկումները վերաբերում են համագործակցությանը, այն հիմնական ուղղությունների մշակմանը ոլորտում, որ կնպաստեն արդյունավետ աշխատանքի իրականացմանը, հանցավորության դեմ ընդհանուր պայքարին, հասարակական կարգի ճիշտ կազմակերպմանը եւ հանցագործությունների բացահայտմանը:

«Քննարկվում է, թե հաջորդ տարի որտեղ պետք է անցկացվի ԱՊՀ տարածաշրջանի երկրների ներքին գործերի նախարարների նիստը: Եկող տարի ամենայն հավանականությամբ, ըստ այբբենական կագի, նիստը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում»,- նշեց Ա. Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ ոստիկանության կողմից կարվի ամեն ինչ’ ճիշտ համագործակցության պայմաններ ստեղծելու համար: «Այս տիպի հանդիպումնները նպաստում են, որ ստեղծվեն մարդկային, ընկերական լուրջ հարաբերություններ, որոնք կօգնեն հարցերին ավելի հապճեպ լուծում տալու հարցում»,- պարզաբանեց ՀՀ ոստիկանապետը: Նա համոզմունք հայտնեց, որ երեւանյան հանդիպումը մշտապես կմնա հյուրերի հիշողության մեջ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply