Ցեղասպանության մասին գիրքը թարգմանվել է թուրքերեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2009 21:00

Ընդամենը չորս շաբաթ առաջ Թուրքիայի Բիլգի համալսարանը հայերենից թուրքերեն թարգմանեց և հրատարակեց 83-ամյա  Վահագն Դադրյանի և թուրք պատմաբան Թանըր Աքչամի «Հայկական ցեղասպանության և պատերազմական ատյանների դատավարություները»  վերնագրով գիրքը: Ցեղասպանագետը հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ֆոնին այն համարում է մեծ ձեռքբերում: «Ինձ զանգահարեց հրատարկչության տնօրենն ու ասաց, որ գիրքը շատ արագ սպառվել է և հավանաբար  կվերահրատարակի»,-ասում է Վահագն Դադրյանը, ով Հայոց ցեղասպանության հարցում միջազգային հեղինակություն վայելող փորձագետ է, ՀՀ ԳԱ ակադեմիկոս:
Գրքի համահեղինակ Աքչամը աշխատությամբ փաստում է, որ համաձայն չէ թուրքական պետության ժխտողական տեսակետի հետ և ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը:
Իսկ Դադրյանը հայազգի այն ցեղասպանագետներից է, ով իր հեղինակած 5 գրքերում ու մոտ 100 հոդվածներում մանրակրկիտ ներկայացրել է Հայոց եղեռնը: Նրա ուսումնասիրությունները հիմնված են ոչ միայն գերմանական ու ավստրիական, այլև օսմայան արխիվների վրա: «Հայոց ցեղասպանությունն իրականացվել է խորունկ և երկարատև խորհրդածություններից հետո: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան հենց թուրքական արխիվներում»,-ասում է Դադրյանը:
2008թ. դեկտեմբերին լույս ընծայված այս գիրքը հեղինակի 3 հատորյակով մտահղացման դեռևս առաջին հատորն է:

Դիտվել է 1989 անգամ:
Print Friendly

Leave a Reply