Հոկտեմբերի 17-ին կմեկնարկի GAUDEAMUS ուսանողական կինոփառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 12:34
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի համատեղ նախաձեռնությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կմեկնարկի GAUDEAMUS ուսանողական կինոփառատոնը: Կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են վերջին տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոն ներկայացված և մրցանակներ ստացած լավագույն ֆիլմերը: Քանի որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը այն մասնագիտական ուսումնական հաստատությունն է, որտեղ կերտվում է հայկական կինոյի և թատրոնի ապագան, փառատոնը մշտապես համագործակցել է և փորձել է օգտակար լինել ուսումնական գործընթացներին՝ բազմիցս կազմակերպելով հանդիպումներ փառատոնի մասնակից հանրահայտ կինոգործիչների և ինստիտուտի ուսանողների միջև, ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արխիվից:
«Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ընթացքում ինստիտուտի ղեկավարության հետ համատեղ որոշվեց վարպետության դասերը և «Աշխարհի կինոդպրոցներ» նոր ծրագիրը, որի հիմնական նպատակն է ինստիտուտի ուսանողներին և դասախոսներին ներկայացնել աշխարհի լավագույն կինոդպրոցների գործունեությունը, օգնել ստեղծել փոխհամագործակցության եզրեր, անցկացնել հենց ինստիտուտի տարածքում:
Ցուցադրություններից հետո ուսանողներին հնարավորություն կընձեռնվի քննարկել դիտած ֆիլմերը կինոգետների, կինոքննադատների, կինոգործիչների հետ:
Ֆիլմերի ցուցադրությունները կլինեն շաբաթական մեկ անգամ՝ հոկտեմբերի 17-ից սկսած՝ մինչև ուսումնական տարվա վերջը:






Facebook
Tweet This
Email This Post
