Երևանում տեղի կունենա «Մասնագիտական կողմնորոշումը, որպես ցկյանս ուսումնառության գործընթաց» խորագրով համաժողով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 12:23
Հոկտեմբերի 17-ին ժամը 11.00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանք» մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ոլորտում աշխատող մասնագետների համար ձեռնարկի շնորհանդես և «Մասնագիտական կողմնորոշումը, որպես ցկյանս ուսումնառության գործընթաց» համաժողով:
Հայաստանի Հանրապետությունում այսօր շուրջ 114.000 ուսանող սովորում է բարձրագույն ուսումնական հասատատություններում, գրեթե 31.000-ը` միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում: Հետազոտությունները փաստում են, որ աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ հիմնականում չեն իրականացվում: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմոնորոշման կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը նկատում է, որ դեռահասները մասնագիտությունն ընտրում են անկախ իրենց նախասիրություններից և աշխատաշուկայի պահանջարկից, հաճախ էլ պարզապես ընդառաջելով ծնողների ցանկություններին:
Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է «Կարիերան ավելին է, քան զուտ աշխատանք» ձեռնարկը, որի նպատակն է ներկայացնել մասնագիտական կողմնորոշման համակարգի մասնագետների գործունեության հնարավորությունները երիտասարդներին ապագա մասնագիտության ընտրության ուղղորդման հարցում: Ձեռնարկի հեղինակը Երիտասարդների մասնագիտական կողմոնորոշման կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանն է:
Ձեռնարկում ներկայացված է համակարգի տեսությունն ու Հայաստանում գործարկման հնարավորությունները, Միացյալ Թագավորության փորձն այս ոլորտում ու ծառայությունների նկարագիրը: Մասնագիտական կողմնորոշումը Միացյալ Թագավորության կրթական ոլորտի անբաժանելի բաղկացուցիչն է: 2010 թվականին ՄԹ-ի նորընտիր կառավարությունն իր գործունեության առաջին օրերին բարձրաձայնեց մասնագիտական կողմնորոշման կարևորության մասին: Մեծ Բրիտանիայում բազմաթիվ գործակալություններ տրամադրում են տեղեկատվություն, խորհրդատվություն և կողմնորոշման հնարավորություն երիտասարդներին և չափահասներին:
«Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդն իրականացրել է մասնագիտական կողմնորոշման ոլորտի մասնագետների վերապատրաստում, աշխատաժողովներ և սեմինարներ:






Facebook
Tweet This
Email This Post
