Նեղության մեջ էլ կարելի է երջանիկ լինել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 13, 2011 23:03

Նեղության մեջ էլ կարելի է երջանիկ լինելԵրջանիկ լինել այնքանով, որ սիրելիդ կողքիդ է, եթե անգամ ցուրտ է՝ նա իր ներկայությամբ կջերմացնի, եթե անգամ մարդիկ չեն նկատում ձեր թշվառությունը, երբ միասին եք ու սիրում եք, այդ ամենը ոչինչ է, պարզապես ոչինչ: Այդ ժամանակ էլ չես մրսում, թեկուզ քաղցած, բայց կուշտ ես: Կարևորը սիրում ես: Գարեգինն ու Աշխենը այն դժբախտ երջանիկներից են, ովքեր դեռ ապրում են հենց այդ զգացմունքի ուժով:  Աշխենը 80 տարեկան է, իսկ Գարեգինը՝ 78: Վերջինս կատակով ասաց, թե Աշխենն իրեն խաբել էր իր տարիքի մասին: Բայց սա այն դեպքն է, երբ տարիքը իրոք ոչ մի դեր չի խաղում: 1975թ. թողնելով իրենց հայրենի Սարալանջ գյուղը՝ տեղափոխվել են Վանաձոր (այստեղ բարեկամներ ունեին, բացի այդ էլ իրենց աղջիկը սովորում էր տեղի տեխնիկումում): Գարեգինը մասնագիտությամբ շինարար է, Աշխենը գյուղում ապրելու ժամանակ դաշտում օղակավարուհի էր աշխատում: Երբ եկան այստեղ 15 տարի խոհարար էր աշխատել, այնուհետև էլ՝ հավաքարար: Հիմա երկուսն էլ թոշակառու են: Գարեգինը ստանում է 29000, իսկ Աշխենն էլ՝ 25000 դրամ: Բացի այդ նպաստ էլ են ստանում: Բայց այդ գումարը չի բավականացնում: « Տան կոմունալ վարձերը հազիվ ենք հասցնում տալ, էդ փողերը պրծնում ա»,- նշեց Գարեգինը: Իսկ Աշխենի խոսքով էլ, թե «հիմա լավա, ձմեռն ենք շատ փող ծախսում, էդ գազի պեչկի համար 20000 ենք տալիս»:  Երևի կհարցնեք իսկ երեխանե՞րը: Այո, նրանք չորս զավակ ունեն, որոնց ճակատագիրը բնավ նախանձելի չէ: Երկու տղա և երկու աղջիկ ունեն: Մեծ տղան 29 տարեկանում Տյումենի նավթահանքում է խեղդվել ու մահացել ( մեկնել էր աշխատանքի), իսկ փոքրը, ինչպես հայրն է ասում դուխով տղա էր, մասնակցելով Ղարաբաղյան պատերազմին՝ 1994թ. զոհվում է Քյալբաջարում՝ չհասցնելով տեսնել իր առաջնեկին: Որոշ ժամանակ անց մահանում է նաև այդ որդու կինը: Իսկ նրանց երեխան այժմ Ռոստովում է, բարեկամների մոտ: Գարեգինը նշեց, որ իր տունը կտակել է հենց այդ թոռնիկի անունով: Գարեգինի և Աշխենի երկու դուստրերից էլ փոքրը այժմ Ծովագյուղում է բնակվում, իսկ մեծ աղջիկն էլ Ավստրիա է տեղափոխվել իր ընտանքով: Իմ հարցին, թե օգնում է արդյոք իրենց ավագ դուստրը՝ Աշխենն ասաց, թե հազիվ են իրենց պահում, բայց եթե ինքը մենակ մնա ու իրենց մոտ հրավիրեն կգնա:Զոհված ազատամարտիկի ծնողներ լինելով` ստանում են 16000 դրամ նպաստ: Ժամանակ առ ժամանակ նրանց են այցելում նաև հարևանները՝ կիսելու նրանց թե´ ուրախությունը և թե´ դժբախտությունը: Նրանց զոհված որդի Գառնիկի մանկության ընկերները վերջինիս հիշատակին նրանց բակում, տան դարպասների առջև հուշաղբյուր են կառուցել: Ունեն փոքրիկ բանջարանոց, հինգ հավ են պահում: Աշխենն էլ նաև ասաց, որ այս տարիքում շատ դժվար է իր համար տան գործերն անելը, բայց դե օգնող չունի: Իսկ Գարեգինն էլ իր հերթին ավելացրեց, թե «մեր հայրենիքից բողոքելու բան չունեմ, պիտի հարգենք, դա է մեր հայրենիքը: Հրեն քանի հազար քուրդ կա հայրենիք չունի, իսկ ես ունեմ: Գոհ եմ ամեն ինչից էլ»: Գուցե իսկապես գոհ է, ո՞վ գիտի: Բայց այդ հայրենիքն էլ չպիտի մոռանա իր զավակներին: Հատկապես, որ այս մարդը իր երեխայի կյանքն էլ է տվել իր երկրին և ոչնչի համար չի բողոքում, թեև կարող էր, իրավունք ուներ (մի մոռացեք նա նաև հայր է): Բայց նրա լռությունն էլ շատ բան է ասում: Ինչևէ, այս զույգը երջանիկ է՝ չնայելով բոլոր նեղություններին ու հոգսերին: Այսօրվա ծերերը կերտել են մեր անցյալը, չմոռանանք նրանց: Նրանք մեր ուշադրության կարիքն ունեն:Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply