Հայ ֆուտբոլասերները նամակ են գրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարին. «Պահանջում ենք ցմահ որակազրկել Գոնսալեսին»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 22:13
Facebook սոցիալական ցանցում հատուկ էջ է ստեղծվել, որտեղ տեղադրվել է հայ ֆուտբոլիստների` ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին ուղղված տեքստը: Նամակի հեղինակները պահանջում են ցմահ որակազրկել իսպանացի ֆուտբոլային մրցավար Իտուրալդե Գոնսալեսին:
Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը (նամակն անգլերենով է):
«Հարգելի պարոն նախագահ,
«Եվրո-2012»-ի շրջանակներում, Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ, 26-րդ րոպեին մրցավար Գոնսալեսը կարկիր քարտ ցույց տվեց Ռոման Բերեզովսկիին, նշելով, որ դարպասապահը խախտել է կանոնները եւ ձեռքով դիպել գնդակին:
Սակայն խաղի կանոնները խախտել էր իռլանդացի հարձակվող Սայմոն Քոքսը, ով ձեռքով էր խաղացել: Ավելի ուշ, BBC-ին տված իր հարցազրույցում նա խոստովանել է, որ իսկապես, խախտել է կանոնները, այն դեպքում, երբ հայաստանցի դարպասապահ Բերեզովսկին ձեռքով չէր դիպել գնդակին:
Փաստը, որ Քոքսը ձեռքով է խաղացել, իսկ Բերեզովսկին չի դիպել գնդակին, ակնհայտ դարձավ այդ պահի կրկնապատկերի ժամանակ:
Հայաստանն առաջին անգամ է պայքարում «Եվրո-2012»-ի համար եւ կորցրեց այդ հնարավորությունը մրցավարի պատճառով:
Մենք սպասում ենք Ձեր միջամտությանը, որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստի եւ հասարակական գործչի: ՈՒԵՖԱ-ն պետք է պատժի Գոնսալեսին եւ զրկի նրան իր պրակտիկան շարունակելու հնարավորությունից»:
Facebook-յան խմբին միացել են հազարավոր հայ ֆուտբոլասերներ: Խմբի պատին նրանք հայտնում են, որ նամակն արդեն ուղարկվել է: Մասնակիցների թիվը շատ արագ աճում է:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում 2:1 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին եւ 17 միավորով մնաց B խմբի երրորդ տեղում: Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց:
Հայ ֆուտբոլասերները Facebook-ում այլ խմբեր եւս բացել են, որոնցից ամենահայտնին կրում է «We hate Iturralde Gonzales»անվանումը:






Facebook
Tweet This
Email This Post
