«Գյուղի դատարկված թաղամասը դեռ հանրապետություն չէ», բայց թաղամաս առ թաղամաս Հայաստանը դատարկվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 18, 2011 10:22

Գագիկ Եգանյան. «Գյուղի դատարկված թաղամասը դեռ հանրապետություն չէ»

Առաջիկա գարնանը Լևոն Խառատյանն իր ընտանիքով` կնոջ և երկու որդիների  հետ կմեկնի Ռուսաստանի Կուրսկի մարզ` ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում: Լևոնը ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել գարնանը, նրան մինչև 2012-ի վերջը ժամանակ են տվել, որ ընտանիքով տեղափոխվի Ռուսաստան: «Երեխաներս փոքր են, դրա համար էլ սպասում եմ` ձմեռն անցնի, նոր գնանք: Հենց էնտեղ էլ տղաս առաջին դասարան կգնա»,- ասում է Խառատյանը:

Երկու բարձրագույն կրթություն և մասնագիտություն ունեցող Խառատյանը 2006-ից մինչ օրս 37 անգամ մասնակցել է քաղծառայողի մրցույթներին և միշտ հաղթել, սակայն ոչ մի անգամ աշխատանք չի ստացել: Դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, ապարդյուն, միայն մի անգամ մարզպետարանից նրան գիշերային պահակի աշխատանք են առաջարկել: «Հայաստանում աշխատանք գտնելու հույսս կորցրել եմ: Իսկ այնտեղ աշխատելու եմ որպես երկաթուղային տրանսպորտի ինժեներ և ամիսը 1800 դոլար աշխատավարձ եմ ստանալու»:

Երբևէ Հայաստան վերադառնալու մասին Խառատյանը չի էլ ուզում լսել. երեխաներն այնտեղ կհարմարվեն, ինքն էլ կաշխատի, կապրեն: Նա նշում է, որ «Հայրենակիցներ» ծրագրով մեկնելու մտադրություն ունի իրեն ծանոթ յուրաքանչյուր 5 անձից չորսը. «Վանաձորում էդպիսի շենք չկա, որտեղից գոնե երկու ընտանիք այս ծրագրով մեկնած չլինի: Մի քանի օրից էլ ընկերս է իր ընտանիքով գնում»:

ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար  Սվետլանա Ստեպանովան «Անկախի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծրագրի մեկնարկից մինչ այս տարվա օգոստոսի 1-ը դրական եզրակացություն է տրվել 1200 ընտանիքի (հունիս-հուլիսին էլ այս թիվն էր հրապարակվում), որոնք հիմնականում արդեն մեկնել են:  Գրասենյակ դիմած մարդկանց մեծ կուտակումներին ու հերթերին էլ անդրադառնալով` նշում է, որ գրասենյակը փոքր է, քիչ մարդկանց են ընդունում, դրանից էլ հերթեր են գոյանում (Խառատյանի խոսքով, սակայն, քաղաքացիների ընդունելության 4 պատուհան  կա, իսկ փաստաթղթերի ընդունումը 10-15 րոպե է տևում): Ստեպանովան զարմանք արտահայտելով, թե ինչու են ԶԼՄ-ները և պաշտոնյաներն այդքան արտագաղթի մասին խոսում, հավելում է. «Այդքան խոսելու փոխարեն մարդկանց աշխատանքով ապահովեք»:

Զանգվածային արտագաղթի մասին վկայում է նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Մհեր Սուվարյանը. «Գյուղում պիտի ժամերով ման գամ, որ մարդ գտնեմ, բարևեմ: Կարոտում եմ գյուղի առաջվա եռուզեռը, երեխաների աղմուկը, խաղը»:  Սուվարյանի հարազատներից յոթը Ռուսաստանում են, որոնցից հինգը մշտական են բնակվում այնտեղ: Իսկ ինքը ընտանիքով չի մեկնել, քանի որ 90-ականների սկզբին փորձել է արտագնա աշխատանք կոչվածը. «Ավելի լավ է հայրենիքում քչով բավարարվես, քան թե օտարի երկրում աշխատես ու միշտ քեզ օտար զգաս, վատ վերաբերմունքի արժանանաս, օրվա հաց ունենաս, բայց ունեցվածքիդ տերը չլինես»:

Հայաստանում Մհերն աշխատանք չունի, չնայած մասնագիտությամբ ինժեներ է: Ընտանիքը պահում է գյուղատնտեսությամբ զբաղվելով, օգնում են նաև ՌԴ-ում ապրող հարազատները: Մհերի տղան, սակայն, շուտով կավարտի Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և աշխատանք չունենալու դեպքում բացառված չէ, որ հակառակ հոր կամքի, բռնի «խոպանի» ճանապարհը:

Սվետլանա Ստեպանովա. «Այդքան խոսելու փոխարեն մարդկանց աշխատանքով ապահովեք»

Մեծածավալ արտագաղթի մասին խոսակցությունները, սակայն, տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը անհիմն է համարում, քանի որ 2008-ից հետո միգրացիոն հոսքերի ուսումնասիրություն չի կատարվել, և պաշտոնական հավաստի տվյալներ չկան. «Երբ խոսում են ամայացող Հայաստանի մասին, պահանջում եմ, որ աղբյուրներ մատնանշեն. մի գյուղի դատարկված թաղամասը դեռ հանրապետություն չէ, կամ օդանավակայանի եռուզեռը դեռ թվային հավաստի տվյալ չէ»:

Ըստ  Եգանյանի` անձնագրային վարչության տվյալներն այժմ հավաստի չեն, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում գրանցումից դուրս չեն եկել, բայց ապրում են Ռուսաստանում: Միգրացիայի մասին լիարժեք պատկերացում չեն տալիս նաև ուղևորահոսքերի մասին տվյալները: Իսկ ընտրանքային հետազոտություններ, որոնք մինչ օրս միշտ կատարվել են միջազգային կառույցների պատվերով, վերջին տարիներին չեն իրականացվել: «Դա ծախսատար և ժամանակատար գործընթաց է»,- պատճառաբանում է նա և հավելում, որ առաջիկա մարդահամարը պատասխան կտա որոշ հարցերի, որից հետո կորոշեն թիրախային ուսումնասիրության ուղղությունը:

Ըստ առկա  պաշտոնական տվյալների` 1988-2001 թթ. Հայաստանից հեռացել է 1-1,1 մլն մարդ, 2002-2007 թթ.` 150 հազար մարդ, 2008-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին հավաստի պաշտոնական տվյալներ չկան: Ըստ ուղևորահոսքերի մասին տվյալների` 2008-ին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 23 059 մարդ, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860 մարդ: Այս տարվա հունվար-օգոստոսն ընկած ժամանակահատվածում օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը 62 224-ով գերազանցում է ժամանողներինը:

«Արտագաղթը միշտ եղել է և կլինի, եթե չլինի, ուրեմն կյանք չկա: Իսկ արտագաղթի ծավալների մասին խոսելու համար հետազոտություն է պետք: Նախորդ  տարվա համեմատ մեկնողների թվի մի քանի  հազարով ավելացումը չի վկայում արտագաղթի ահագնացող տեմպերի մասին»,- ասում է Եգանյանը և խոսքը հիմնավորելու համար օրինակ բերում 90-ականների սկիզբը, երբ հարյուրհազարներով էին մարդիկ հեռանում Հայաստանից:

Իսկ այժմ տարեկան շուրջ 30 հազար մեկնողներից, ըստ Միգրացիոն գործակալության պետի, մոտ 18 հազարը սեզոնային աշխատանքի մեկնողներն են, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն վերադառնում: Տարեկան Հայաստանում գրանցումից դուրս է գալիս 7-9 հազար մարդ: Իսկ մնացած մեկնողները ժամանակավոր հեռանում են տարբեր ծրագրերի միջոցով:

Հայաստանից ապաստան հայցողները նախընտրում են արևմտաեվրոպական երկրները: Եթե 90-ականներին նախընտրում էին Գերմանիան, 2000-ից` Ավստրիան և Չեխիան, ապա 2003-ից ի վեր` Ֆրանսիան, օրինակ` 2009-ին արտերկրում ապաստան հայցած 6226 մարդկանցից 3114-ը Ֆրանսիային են դիմել:

Հայաստանից մեկնելու պատճառները, ըստ ուսումնասիրությունների, մի քանիսն են. աշխատատեղերի բացակայություն, մասնագիտական աշխատանքի բացակայություն և գործարարությամբ զբաղվելու դժվարություններ` 70%, անվստահություն ապագայի նկատմամբ և սոցիալտնտեսական, քաղաքական անկայուն վիճակ` 5%, ընտանիքը վերամիավորելու նպատակ` 20%, կրթական նպատակներով` 4%:

Եգանյանը նշում է, որ այժմ իրականացվում է համալիր ծրագիր` պայքարելու անօրինական միգրացիայի դեմ, քանի որ  երևույթը լի է բացասական հետևանքներով. խախտվում են անօրինական միգրանտների իրավունքները, նրանք հաճախ աշխատանքային շահագործման են ենթարկվում,  նրանց երեխաների կրթության իրավունքն է խախտվում: Եգանյանը նշում է, որ հայերի պարագայում անօրինական միգրանտները, դրսում գործունեություն ծավալելով, վնասում են նաև տվյալ երկրում երկար տարիներ ապրած հայկական համայնքի համբավը:

Եգանյանը նշում է, որ անօրինական միգրացիայի պատճառներից է անտեղյակությունը: Օրինակ` բնակչության 40%-ը տեղյակ չէ, որ այլ երկիր մուտք գործելու համար հարկավոր է մուտքի արտոնագիր ունենալ, 58%-ը չգիտի, որ այլ երկրում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն է հարկավոր, 55%-ը կարծում է, որ ապաստան խնդրելու դեպքում աշխատաշուկան բաց կլինի իր առջև:

Հարցին, թե ինչ է արվում արտագաղթի դեմ պայքարելու համար, Եգանյանը նշում է. «Ընդհանուր արտագաղթի դեմ պայքարելը ենթադրում է բարեփոխումներ բոլոր ոլորտներում, և դա պետական մեկ կառույցի գործ չէ, բոլորը պետք է մասնակցեն դրան: Օրինակ` ժամանակին բժշկական տեղեկանք էին ուզում լողավազանում լողալու համար, հանեցին այդ դրույթը, դա էլ բարելավմանը ուղղված քայլ է:  Վարչարարությունը թեթևացվեց,  կադաստրի համակարգն է բարեփոխվում. այս  բարեփոխումները կաթիլ-կաթիլ բերում են այն գաղափարին, որ պետք չէ Հայաստանից գնալ, այլ պետք է գալ Հայաստան»:

Հանրային Խորհրդի  տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարման  հարցերով հանձնաժողովում միգրացիոն խնդիրների քննարկման ժամանակ, սակայն, ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը հայտարարեց, որ կասկածով է  վերաբերվում անկանոն միգրացիայի դեմ պայքարի ծրագրին. «Արտագաղթի դեմ պայքարի ներկայիս ծրագիրը լուրջ չեմ համարում:  Անգամ եթե արտերկիր չեն գնում, միևնույն է, գյուղերը դատարկվում են: Ամբողջ Հայաստանը կենտրոնացել է Երևանում, հիմա էլ կենտրոնանում է Երևանի կենտրոնում:  Լուրջ ծրագիր է պետք, Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում անծայրածիր բերրի հող է, իսկ հայերը այլ երկրներում են հաստատվում»:

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply