Միջին աշխատավարձը պետք է ավելի լավ հաշվարկել
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | October 18, 2011 4:18
Հայաստանում միջին աշխատավարձերի վիճակագրական ցուցանիշը չի արտահայտում ոլորտի իրական պատկերը:
Աշխարհի ցանկացած երկրի տնտեսական զարգացման և տվյալ երկրի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող կարևոր ցուցանիշ են տվյալ երկրի աշխատավարձերի միջին վիճակագրական տվյալները: Միջին աշխատավարձերի չափերից են կախված այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսիք են ազգաբնակչության գնողունակությունը, սոցիալական մակարդակը, գնողունակ պահանջարկի ձևավորումը, այսինքն` երբ մարդիկ պատրաստ են և կարող են վճարել իրենց համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների դիմաց: Իսկ դրանցով էլ պայմանավորված են ապրանքների և ծառայությունների առաջարկի ձևը, մակարդակը, որակը, հետևաբար նաև սպառողական գները, ապրանքաշրջանառությունը, առևտրի ծավալները, սպասարկման ոլորտի առանձնահատկությունները և շատ այլ կարևոր ոլորտներ:
«Միջին աշխատավարձի հաշվարկն օգնում է պատկերացում կազմել վճարունակ կամ գնողունակ պահանջարկի մասին: Այսինքն` այն ավելի շատ բնակչության սոցիալական վիճակը բնորոշող ցուցանիշ է: Իսկ եթե ստացվող տվյալները սխալ են հաշվարկվում կամ ճիշտ չեն բնորոշում իրական պատկերը, ապա դրանք խանգարում են ճիշտ քաղաքականության մշակմանը: Առավել կարևոր է, թե հարկերն ու տուրքերը կամ այլ վճարները մուծելուց հետո ազգաբնակչության մոտ ինչ գումարներ են մնում, և այդ գումարները դիտարկել ընտանիքի եկամուտների ու ծախսերի հարաբերակցության տեսանկյունից, քանի որ, օրինակ, ընտանիքում կան երեխաներ, որոնք աշխատավարձ չեն ստանում, բայց որոշակի գումար, այնուամենայնիվ, ծախսում են»,- պարզաբանում է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:
Փաստորեն, տվյալ երկրում ազգաբնակչության միջին աշխատավարձի չափերը էական նշանակություն են ունենում տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական հարաբերությունների ձևավորման գործում: Այս ցուցանիշը կարևորվում է հատկապես ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում: Այսինքն` միջին աշխատավարձի չափը կարևոր է ոչ միայն պետական մարմինների և վիճակագիրների, այլև գործարարների, առևտրականների, արտադրողների, առևտրով զբաղվողների և առհասարակ բոլորի համար, քանի որ հիմնականում այս ցուցանիշն է օգտագործվում մասնավոր բիզնեսի պլանավորման համար` որպես պահանջարկ ձևավորող իրական նախադրյալ:
Միջին աշխատավարձերի հաշվարկն աշխարհում կատարվում է երկու եղանակով: Առաջինը տվյալ երկրի աշխատավարձերի միջին թվաբանական արժեքն է. բոլոր չափերի ու տեսակների աշխատավարձերի հանրահաշվական գումարը բաժանվում է աշխատավարձ ստացողների թվի վրա: Ստացվող արժեքն օգտագործվում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրման և վերլուծության մեջ: Այս առումով այն ճիշտ է բնորոշում առկա պատկերը: Բայց միջին աշխատավարձի հաշվարկման այս մեթոդաբանությունն ունի մի թերի կողմ, այն, որ հստակ չի բնորոշվում մարդկանց` աշխատավարձով պայմանավորված սոցալ-տնտեսական վիճակը:
Բերենք մեկ օրինակ. եթե, ենթադրենք, կա մի ընկերություն, որն ունի 20 աշխատակից, որոնցից 16-ը ստանում են ամսական 70 հազար դրամ աշխատավարձ, 3-ը` 150 հազար դրամ և տնօրենը` 1 միլիոն դրամ, ապա Հայաստանում ընդունված մեթոդաբանությամբ հաշվելով` տվյալ ընկերությունում միջին աշխատավարձը կկազմի 128 հազար 500 դրամ: Բայց իրականում այդ թվին մոտ չափով աշխատավարձ ստանում են 20-ից միայն 3-ը, մեկն անհամեմատ ավելի բարձր է ստանում, իսկ մնացած 16-ը ստանում են համարյա կիսով չափ քիչ աշխատավարձ:
Այս բացը լրացնելու համար աշխարհի զարգացած երկրներում կիրառում են նաև միջին աշխատավարձերի հաշվարկման մեկ այլ մեթոդաբանություն, որի դեպքում բոլոր աշխատավարձերի չափերը դասավորում են իրար կողքի` աճման կարգով, ապա ընտրում են այն մեջտեղի թիվը, որից ավելի և պակաս աշխատավարձ ստացողների թիվը լինի հավասար: Մեր բերած օրինակի դեպքում այդ թիվը ստացվում է 70 հազար դրամը, որն առավել հստակ և իրականին մոտ է բնորոշում տվյալ ընկերության միջին աշխատավարձի պատկերը: Տվյալ մեթոդաբանությունը սոցիալ-տնտեսական հաշվարկներում օգտագործելիս գնողունակ պահանջարկն ու շուկայի իրական պատկերն առավել հստակ է ստացվում, որն էլ, բնականաբար, ավելի շատ է օգնում տնտեսվարողներին իրենց տնտեսական քաղաքականությունը պլանավորելիս, իսկ ազատ մրցակցային շուկայում գներն առավել «խելքին մոտ» են ձևավորվում:
Հայաստանում աշխատավարձերը և հատկապես մեզ հետաքրքրող միջին աշխատավարձը հաշվարկվում է առաջին մեթոդաբանությամբ, այսինքն` հաշվում են աշխատավարձերի ընդհանուր թվի միջին թվաբանական արժեքը:
«Հայաստանում միջին աշխատավարձի հաշվարկի մեթոդաբանությունը խարսխված է միջազգային մեթոդաբանության վրա, որը մենք տեղայնացրել ենք` հաշվի առնելով մեր օրենսդրության առանձնահատկությունները, թեև այդպիսիք առանձնապես չկան: Իսկ միջին աշխատավարձի արժեքը ստացվում է հետևյալ կերպ. արդեն հավաքված տվյալների բազայում ձևավորվում են այն բազային ցուցանիշները, որոնք անհրաժեշտ են մեզ այդ հաշվարկները կատարելու համար: Այդ ցուցանիշներն են` աշխատողների այն թվաքանակը, որը կիրառվում է միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ (դրանք այն աշխատողներն են, ովքեր դիտարկվող ժամանակահատվածում ստացել են աշխատավարձ), և այդ աշխատողներին ուղղված աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումները: Այդ վճարումների ընդհանուր թիվը բաժանվում է աշխատավարձ ստացողների թվաքանակի վրա, ու ստացվում է միջին աշխատավարձի արժեքը»,- պարզաբանում է ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:
Ըստ այդմ` անցյալ` 2010 թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 108 հազար 840 դրամ, 2011 թ. երկրորդ եռամսյակում` 113 հազար 157 դրամ, իսկ օգոստոսին` 110 հազար 700 դրամ:
Եթե միջին աշխատավարձը հաշվարկվեր մեր նշած երկրորդ տարբերակով, ապա այն` ինչպես ասում են` մեդիան աշխատավարձը, կկազմեր ստացված թվի մոտ 70-80 տոկոսը, որը, ի դեպ, Հայաստանում աշխատավարձ ստացողների մեծամասնության աշխատավարձի չափն է կազմում:
Մեզ հետ զրույցում ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը համոզմունք հայտնեց, որ մեդիան աշխատավարձի հաշվարկն ավելի ճշգրիտ է ցույց տալիս միջին աշխատավարձի իրական պատկերը, և իրենք անպայման մոտ ապագայում կկատարեն նաև այդպիսի հաշվարկներ:
Գևորգ ԱՎՉՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
