Մարդկանց առևտուր. երկու պատմություն

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 22, 2011 2:00

Վեց տարի է անցել, ինչ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան զեկույցում Հայաստանը դասվեց երրորդ կարգի` երևույթին ուշադրություն չդարձնող և համապատասխան կանխարգելիչ քայլեր չձեռնարկող երկրների շարքը: 2005 թ. մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում որոշվեց դատախազության քննչական վարչությունում ստեղծել մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժին:

Իսկ ավելի վաղ` 2004-ի մարտի 30-ին, ՀՀ կառավարությունը և ՄԱԿի զարգացման ծրագիրը համատեղ ստորագրեցին «Մարդկանց առևտրի դեմ պայքարի ծրագիր. օժանդակություն հզորացումների զարգացմանը և աջակցություն տուժածներին» փաստաթուղթը:

2004 թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թթ. գործողությունների ազգային ծրագիրը:

2003 թ. օգոստոսից գործող ՀՀ քրեական նոր օրենսգրքով մարդկանց առևտուրը քրեորեն պատժելի է (հոդվ. 132): 2003 թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և կից երկու արձանագրությունները:  2002-ի հոկտեմբերի 14-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղավորման ու առուվաճառքի հետ կապված հարցերը և առաջարկներ ներկայացնի:

Անցած տարիների ընթացքում կանխարգելիչ միջոցառումներ, անշուշտ, ձեռնարկվել են: Այսուհանդերձ թրաֆիքինգի ենթարկված զոհերի պատմությունները դեռևս շարունակվում են: «Անկախը» ներկայացնում է դրանցից երկուսը (հերոսների անունները փոխված են):

Երկու անչափահաս երեխա ունեցող Ռուբինան սոցիալապես ծանր վիճակում էր: Ասում է, որ ամուսինը տարիներ առաջ գնացել է Ռուսաստան, և մինչև այսօր ընտանիքը նրանից որևէ լուր չունի: Ընտանիքի ամբողջ հոգսը 35-ամյա Ռուբինայի ուսերին էր: Նրա ընկերուհին` Սիրանույշը, ամուսնացած չէր ու հաճախ էր մեկնում Թուրքիա` հավաստիացնելով, որ ուզում է կյանքը լավացնել: Սիրանույշը հորն ու մորը շուտ էր կորցրել, բարեկամներն էլ դեռ փոքրուց երես էին թեքել լքված ընտանիքից:

Եվ ահա մի օր Սիրանույշն այցելում է Ռուբինային: Երկար զրույցից հետո Սիրանույշին հաջողվում է թակարդը գցել Ռուբինային: «Հիշում եմ` Սիրանույշն այն ժամանակ այնքան բաներ ինձ պատմեց, այնքան վառ ապագա, որ մտածեցի` միակ փրկությունը, միակ ելքն այն կլինի, որ երեխաներին թողնեմ մյուս ընկերուհուս մոտ ու  նրա հետ մեկնեմ»,- աչքերից գլորվող արցունքները հազիվ զսպելով` ասում է Ռուբինան:

Ռուբինան հետո է իմացել, որ Թուքիայում տասնյակ կավատներ կան, որոնք Հայաստանում ունեն իրենց հավաքագրողները: Եվ Սիրանույշն  այդ հավաքագրողներից մեկն էր: «Հայաստանի փոքր քաղաքներում նրանց մասին գիտեն գրեթե բոլոր բնակիչները: Սակայն նրանք ազատ գործում են ու մնում անպատիժ»,- ասում է Ռուբինան:

Նա «ընկերուհու» հետ սկզբում «բնակվում» է Տրապիզոնի հյուրանոցներից մեկում, այնուհետև ազգությամբ թուրք Մուհամեդի և նրա սիրուհի Ֆեթիյենի հսկողությամբ տեղափոխվում են Կոնյա և  նրանց ղեկավարությամբ զբաղվում են մարմնավաճառությամբ:

Ռուբինան ասում է, որ գիտեր, թե ուր է գնում:

Սկզբում Մուհամեդն ու Ֆեթիյեն մարդամոտ վերաբերմունք են դրսևորել, ամեն անգամ փողկապով եվրոպացու պես վճարել են աշխատանքի դիմաց: Չեն ծեծել, բռնությունների չեն ենթարկել… Բայց դա դեռ սկիզբն էր, սև օրերը առջևում էին:

Երբ Մուհամեդն ու Ֆեթիյեն առաջարկում են Ռուբինային աղջիկներ հավաքագրել և բերել Կոնյա` մարմնավաճառությամբ զբաղվելու, նա միանգամից հրաժարվում է: Պատճառաբանում է, որ դա չի կարող անել: Օգնության որևէ հնարավորություն չուներ: Արդեն տրվում էր անվճար, իսկ գումարը վերցնում էր Ֆեթիյենը:

Ռուբինան հասկացել է, որ ամեն ինչ արդեն կորցրել է: Երեխաներին վեց ամիս չէր տեսել: Ստիպված համաձայնում է «բոսերի» առաջարկին. զանգահարում է իր ծանոթներից մեկին` խորտկարաններից մեկում մատուցողուհի աշխատող Ալվարդին, որը նույնպես ծանր սոցիալական վիճակում էր. ամուսնալուծված էր ու «բարեբախտաբար» երեխաներ չուներ: Ռուբինան լավ գիտեր, որ եթե ասի ճշմարտությունը, ընկերուհին միանգամից կմերժի: «Հասկանում ես` «շուստրիությունն» իմը չէր, կյանքն ինձ դարձրեց այդպիսին: Ես էդքան էլ վատ մարդ չեմ, ուղղակի այլ բան անել չէի կարող»,-հավատացնում է Ռուբինան:

Նա հեռախոսով Ալվարդին սրճարանում բարձր աշխատավարձով աշխատելու առաջարկ է անում: Ընկերուհին երկար-բարակ չի մտածում, միանգամից համաձայնում է: Նույն ճանապարհը հաղթահարում է նաև ընկերուհին` Ալվարդը:

Նրան թուրք գործընկերների հետ դիմավորել է Ռուբինան և տեղափոխել մի բնակարան, որտեղ հսկում էին երիտասարդ թուրքեր: Հենց այդ բնակարանում էլ Ռուբինան Ալվարդին հայտնել է, որ պետք է զբաղվի մարմնավաճառությամբ: Ալվարդը հրաժարվել է և պահանջել իրեն վերադարձնել Հայաստան: Թուրքերը խոստացել են նրան ազատ արձակել, եթե վերադարձնի իր փոխադրման ծախսերը: Մուհամեդն ու Ֆեթիյեն վերցրել են նրա անձնագիրը, որպեսզի նա չկարողանա փախչել: Ալվարդը ստիպված զբաղվում է մարմնավաճառությամբ` տեսնելով անցյալում գլուխը կախ ապրող ընկերուհուն` Ռուբինային:

Ռուբինան պարտքեր ուներ: Ամբողջը մարելուց հետո դեռ երկար ժամանակ, հայրենիք վերադառնալու հույսով, ստիպված էր այնտեղ բնակվող կանանց  ու աղջիկների հագուստները լվանալով փող վաստակել: Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանում է, ընկերուհուց տեղեկություններ չունի, աշխատում է փոքրիկ սրճարաններից մեկում, առավոտից երեկո սպասք է լվանում` վաստակելով 2000 դրամ: «Գոնե էրեխեքիս հետ եմ, գիտեմ, որ էդ դժոխքից դուրս եմ էկել: Ի՞նչ անեմ` այլ տարբերակ չունեմ: Ստիպված եմ համբալություն անել, որ երեխաներս գոնե հացին կակա չասեն»,- սրտնեղած ասում է Ռուբինան:

Իսկ երկրորդ պատմությունը կապված է դեռահաս մի աղջկա հետ: «Առաջ հանրակացարանում էինք մնում, ընդեղ մի հատ կնիկ կար, անունը Սոֆիկ էր, համոզում էր ինձ, որ տանի Դուբայ»,- այսպես սկսեց իր պատմությունը մանկատան նախկին սանը և խնդրեց չգրել իր անունը: Պայմանական նրա անունը Արմինե է: Նա հիշում է, որ իրեն ընկերուհին խնդրում էր չգնալ` ասելով` «կյանքդ կործանելու ես»: «Բայց պասպորտս արդեն տվել էի, ու էլ չէի կարա հետ վերցնեի»:

Արմինեն ու իր ընկերուհին միասին մեծացել են մանկատանը` Հայաստանի խուլ գյուղերից մեկում: Հետո նրան և ընկերուհուն տեղավորել են երևանյան հանրակացարաններից մեկում, բայց ավելի ոչինչ չեն արել:

Յոթ դաժան ամիսներ է անցկացրել Արմինեն, ամեն օր ծեծուջարդ: «Անցել էր տենց երեք ամիս, արդեն հարմարվել էի: Դե, անտեր աղջիկ էի, մտածում էի` ոչ մի բան էլ չեմ կարող անել: Էդ պատմությունները որ հիշում եմ, ջանս դողում ա: Ախր, շատ վատ էին ինձ հետ վարվում»,- նշում է նա:

Աղջիկն օրական տրվում էր առնվազն հինգ հոգու, իսկ գումարը տալիս էր «բոսին»: Լեզու չգիտեր, հասկանում էր միայն բռունցքների լեզուն: Պատմում է, որ այդքանից հետո իր տերերը գոհ չէին, ավելին էին պահանջում: «Օրերով հաց չէի ուտում: Տվածներն էլ մի բան չէր, բայց չէի կարողանում ուտել: Մենակ սիրուն-սիրուն շորեր էին հագցնում, որ մարդկանց դուր գամ»: Հինգ ամիս հետո նրան տեղափոխում են: «Մի օր մի հայ կնիկ էկավ ու ասեց` դու իմն ես: Չհասկացա` ինչ ա ասում, հետո պատմեց, որ նույն գործն եմ անելու, ուղղակի իրան եմ փողը տալու: Էս կնիկը համեմատաբար ավելի լավն էր: Պասպորտս, ճիշտ ա, չտվեց, բայց ինձ գոնե մի քիչ լավ էր նայում»,- ասում է Արմինեն:

Մի երեք ամիս  այդ կինը «խնամում» է աղջկան և ուղարկում Հայաստան` ընկերուհիներին իր հետ բերելու: «Ասի` գնամ տեսնեմ տունը ի՞նչ վիճակում ա: Դե, ահագին ժամանակ չէի եղել»,- ասում է Արմինեն:

Ընկերուհիները, աղջկան տեսնելով, զարմանում են. նրա հագուստը շատ շքեղ էր, բայց մի բան այն չէր: Արմինեի հետ ընկերուհիները որոշում են չշփվել, նույնիսկ մանկության միակ ընկերուհին է երես թեքում: «Ամբողջ գիշեր մտածեցի, ընդեղի էդ ոսկիներն էի հիշում, ու իմ աղքատությունն էր աչքիս առաջ գալիս: Գցեցի, բռնեցի: Հետո մտածեցի`  ինչի՞ս է պետք սաղի հետ քնելը»,- պատմում է մեր հերոսուհին:

Տասնհինգ օր անց «բարեհամբույր» կինը հետաքրքրվում է, թե ինչ նորություններ կան: Աղջիկն ասում է, որ էական նորություններ չունի: Ընկերուհիները նույնիսկ չեն ցանկանում իր հետ շփվել, ինչի՞ մասին է խոսքը: «Իրան էդքան ջղայնացած չէի տեսել: Ասեց` փասա-փուսեդ հավաքի: Վաղը թռնում ես»:

Այլ բան աղջկան չէր մնում անել, քան թողնել լքված տունն ու գնալ: Ասում է, որ վերջին անգամ Դուբայում քիչ է մնացել` երեք ամիս: Կինը նրան խղճացել է, հավաստիացրել, որ իր համար աղջիկը շատ բան է արել, իսկ ամեն ինչ փոխադարձ է:

Արմինեն ասում է, որ երեք ամիս շարունակ շատ «կլիենտներ» է ունեցել, փողը էլի տարել, նրան է տվել: «Ես չգիտեի էլ, որ ինձ հետ ա ուղարկելու: Գիտեի` հա ընդեղ եմ մնալու: Ինձ փող տվեց ու ասեց. «Ես վատ մարդ եմ, վատ բաներ եմ անում, բայց սա էլ իմ գործն ա: Ես վատ մարդ եմ, բայց մենակ մի բան եմ խնդրում, իմ մասին էլ չհիշես: Ապրիր կյանքդ նենց, ոնց ուզում ես»,- հիշում է Արմինեն:

Քանի որ աղջիկը ծնողներին չի տեսել, ամուր-ամուր գրկել է կնոջն ու լուռ գգվանքով ակնարկել, որ երբեք էլ  նրան չի տեսնի ու ամենակարևորը` չի հիշի:

Արդեն մոտ յոթ տարի կլինի, ինչ աղջիկը Հայաստանում է: Ընկերուհիներին  կորցրել է, բայց չի կորցրել հույսն ու հավատը: «Էկա տուն ու տեսա նույն վիճակն ա: Էլ ոչ ոք ինձ չբարևեց»,- լաց լինելով ասում է Արմինեն:

Նա մինչև հիմա էլ Երևանում` ծայրամասային թաղամասերից մեկում, վարձով է ապրում: Աշխատում է երևանամերձ սրճարաններից մեկում: Ամենակարևորը` Էլ մարմնավաճառությամբ չի զբաղվում, չի էլ պատրաստվում:

Հ.Գ.-Այս պատմությունները կարող են նաև յուրաքանչյուր խաբված մարդունը լինել: Մեր հերոսները խորհուրդ տվեցին երբեք չվհատվել: Վստահեցրին, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում փրկության մի դուռ հաստատ բացվում է:

«Անկախը» կշարունակի հետամուտ լինել այսպիսի պատմություններին ու կներկայացնի դրանք ընթերցողների ուշադրությանը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply