«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» պատմամշակութային կենտրոնի ստեղծումը մնաց յոթը սարի հետևում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 19, 2011 13:01

Քաղաքներն, ինչպես և մարդիկ, ծնվում են, ապրում իրենց կյանքը, ծերանում ու մի օր էլ մեռնում: Հավերժ ապրող քաղաքը Հռոմն է, թեև համայն հայության ոստան Երևանը հիմնադրվել է նրանից 29 տարի առաջ...

Բայց արի ու տես, որ այսօր մեր քաղաքում չի պահպանվել վաղեմության շունչն ունեցող գոնե մի նմուշ, որով կզարմացնենք քաղաք այցելած օտարականին: Այդ շունչը կարող ես զգալ միայն պատմության կամ Էրեբունի թանգարանների ցուցափեղկերում: Մենք ոչ միայն խնամքով չվերաբերվեցինք մեր հնությունների նկատմամբ, այլև ամեն մի պուճախում մի բարձրահարկ խցկեցինք` չգիտակցելով, որ այդ ամենում ոչ միայն ներդաշնակություն չկա, որ այդ շինություններով որևէ մեկին չես զարմացնի, որ Հայաստան եկող զբոսաշրջիկն առաջին հերթին ցանկանում է հին Երևանը տեսնել, որից միայն հաճելի հուշեր են մնացել ու մի քանի փլատակներ:

Պատմա-մշակութային արժեք ներկայացնող  այդ շենքերը հիմնականում հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ կուլ գնացին: Իշխանությունները ժամանակին հանգստացրին, որ դրանց ճակատագիրն ավելի փառահեղ  է լինելու: Բայց արդեն 7 տարի է անցել, սակայն թունելի վերջում լույս  չի նշմարվում, նույնիսկ այն դեպքում, երբ 2004 թ. դեկտեմբերին կառավարությունը հաստատել է այդ հուշարձան-շենքերի ցուցակը:

Խոսքն, իհարկե, վերաբերում է XIX և XX դարերի քաղաքաշինական կերպը բնորոշող շենք-շինություններին: Դրանք հիմնականում մեկ, երկու և հազվադեպ երեք հարկանի, տեղական և հանրապետական նշանակության երկու տիպի հուշարձաններ են: Այն մասը, որը տեղափոխման ենթակա  չէր, տեղում պահպանվեց: Դրանք ամենքիս հայտնի` Հանրապետության փողոցում գտնվող 51 և 53 շենքերն են, որոնք ճարտարապետական շեղումներ, այնուամենայնիվ, ունեցան, ինչի  հետևանքով այլ հարկեր «շալակեցին»: Իսկ մյուս շենքերն էլ, քաղաքաշինական նորմերի նպատակահարմարությունից ելնելով, պիտի հավաքվեն մեկ հարկի տակ: Եվ այդ տարածքը  լինելու է Գլխավոր պողոտայի` Աբովյան-Եզնիկ Կողբացի հատվածը, որի երկու կողմերից անցնում են Բուզանդի և Արամի փողոցները: Շուրջ 2,2 հեկտար տարածքում պիտի մեկտեղվեն նախկինում ապամոնտաժված բոլոր հուշարձանները, որոնք  կներկայացնեն XIX և XX դարերի ճարտարապետությանը և քաղաքաշինությանը  բնորոշ հին Երևանի գողտրիկ միջավայր:

Եթե ժամանակին դրանք բնակելիներ են եղել, ապա նոր միջավայրն իր մեջ կամփոփի այդ դարերի շունչը պարունակող հասարակական օբյեկտներ,փոքրիկ արհեստանոցներ, ցուցասրահ-արհեստանոցներ, փոքրիկ սրճարաններ, ռեստորաններ:

Սա մայրաքաղաքի նախկին  իշխանությունների ծրագիրն էր: Մայրաքաղաքն այսօր նոր քաղաքապետ, նոր ճարտարապետ ունի: Ինչ-որ բան փոխվե՞լ է,  ի՞նչ ճակատագիր է սպասում «Հին Երևան» պատմամշակութային կենտրոնին:

Այդ հարցով դիմեցի քաղաքապետարանի լրատվական ծառայությանը: Նրանք էլ գլխավոր ճարտարապետի ճամփան ցույց տվին: Այստեղ էլ պաշտոնական նամակ պահանջեցին: Փորձեցի գտնել ճարտարապետ Լևոն Վարդանյանին, որ զբաղվում է տվյալ նախագծերով, բայց ապարդյուն: Նրա երկու հեռախոսահամարներն անհասանելի էին: Այդ ամենից հետո դժվար չէ հասկանալ, որ քաղաքի նոր տերերի` «Հին Երևանի» գաղափարի սայլը դեռ տեղից չի շարժվել: Եթե մի չնչին առաջընթաց էլ լիներ, ապա պատասխանատուները վաղուց այդ մասին հանրությանը իրազեկած կլինեին:

Ըստ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի` «Հին Երևան» կենտրոնի հայեցակարգային փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն, իսկ թե ինչպիսի,  դժվարացավ մանրամասնել, որովհետև տեղյակ չէ, բայց հավատացած է, որ կպահպանվի XIX դարի հետքը,  մի կողմից էլ անկեղծացավ, որ ապամոնտաժված և վերականգնման նպատակով այլ վայրեր տեղափոխված  հուշարձաններն արդեն իսկ մեծապես կորցնում են իրենց աժեքը, որովհետև հուշարձանների ընթացակարգում փոփոխություն է լինում: Իսկ պահպանված, բայց արդեն հարկեր շալակած շենքերը, պրն Մինասյանն արդեն պատմա-մշակութային հուշարձան չի համարում: «Երբեմն դա արվում է զուտ էֆեկտը չկորցնելու համար,բայց դա արդեն  պատմական հուշարձան չէ: Դրանով մենք միայն պահպանում ենք հուշարձանի հետքը»,- ասում է նա` չցանկանալով` «Հին Երևանի» խնդիրը նույնացնել կառուցվելիք թմբուկի հետ : Նա դա այլ հարթությունում է տեսնում: «Չի կարելի Թամանյանի նկատմամբ նման մուտեցում ցուցաբերել: «Դեմ եմ,որովհետև կառավարության որոշմամբ, շենքի բակում կառուցվելու է վարչական շենք, որը հեռավոր իսկ կապ  չունի Թամանյանի հետ: Եվ, վերջապես, Թամանյանին հանգիստ թողնենք»:

Հարց է ծագում` այդյոք կարելի՞ է «Հին Երևան» ունենալու հույսը փայփայել,  քանի դեռ քաղաքը զարգացող օրգանիզմ դիտելու գաղափարը միայն էլիտար բնակարաշինությամբ է պայմանավորված, քանի դեռ  քաղաքը անողոք էլիտարիզմի զոհն է:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply