Ո՞վ է այն հայ նկարիչը, որ 2000-ին լավագույնը ճանաչվեց Ժնևի միջազգային ցուցահանդեսում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 21, 2011 7:00

Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսը մի հայտնի կտավ ունի` «Մարգարիտան», որից հետագայում շատ նկարիչներ են ոգեշնչվել, անգամ Պիկասոն: Գեղանկարիչ Վահրամ Դավթյանը շատ տարիներ առաջ մի կերպար էր ստեղծել, որին ձևով նմանեցնում էր  Մարգարիտային: Սակայն այդ կտավը երկար ժամանակ չէր ստացվում, փոփոխում էր, նոր ձև տալիս, ի վերջո, որոշում է ջնջել ու սպիտակ ներկել` հաջորդ օրերին շարունակելու համար, և հանկարծ այդ սպիտակ կերպարը սկսում է նրան դուր գալ: «Միգուցե մեկ ուրիշի համար դա մի փոքր բան էր, բայց ինձ համար ինչ որ առումով բացահայտում դարձավ: Ես նոր թեմա բացեցի, որը շատ խորն էր»,-պատմում է նկարիչը:

Այդպես նա սկսում է իր յուրօրինակ` երկրայինի ու երկնայինի սահմաններում գտնվող կերպարների ստեղծումը, որոնք աստիճանաբար ավելի որոշակի ու գերիշխող են դառնում: Նա սկսում է մի շարք, որն անվանում է «Մեծ քաղաքի տեսիլքները»: Հետո նկարում է քաղաքի բնակիչներին, անգամ քաղաքապետ  է «նշանակում»…

Հոկտեմբերի 21-25-ը Լիբանանի հայկական «Նոյյան տապան» պատկերասրահը Լուվրի թանգարանի հրավերով կմասնակցի Փարիզի «Քարյուսել դյու Լուվր» միջազգային ցուցահանդեսին, որին կներկայացնի երեք հայ գերիրապաշտ (աբսուրդ սյուրռեալիստ) գեղանկարիչների ստեղծագործություններ։ Դա աննախադեպ իրադարձություն է, քանի որ  Լուվրի թանգարանում հայ ժամանակակից արվեստը կներկայացվի առաջին անգամ:

Նկարիչներից մեկը, որին «բախտ կվիճակվի» իր կտավները ցուցադրել նման բարձրակարգ մշակութային միջավայրում, Վահրամ Դավթյանն է: «Նոյյան տապան»  պատկերասրահի տնօրեն, արվեստաբան Մովսես Հերկելյանը վստահ է, որ նրա աշխատանքները մեծ արձագանք կգտնեն: Այդ վստահությունը պատահական չէ, քանի որ արվեստաբանը Վահրամի նկարներն աշխարհի ամենատարբեր ցուցահանդեսներում և պատկերասրահներում ներկայացնելու  ավելի քան 15 տարվա փորձ ունի:

Հերկելյանը պատմում է, որ 2000 թ. Ժնևում կայացած միջազգային մի խոշոր ցուցահանդեսի ժամանակ կազմակերպիչներն ընտրում են ներկայացված  լավագույն քառասուն գեղանկարիչներին, որոնց  շարքն է մտնում նաև իր ներկայացրած Վահրամ Դավթյանը:  Դեռ ավելին` Շվեյցարիայի Gruyere Fantastic Art Museum թանգարանի տնօրինության կողմից այդ քառասուն նկարիչներից լավագույնը ճանաչվում է Վահրամը:

Իր վերելքների մասին ինքը` նկարիչը, զարմանալի համեստությամբ է խոսում: Միայն նշում է. «Հաջողության հասնելու համար նկարչին առաջին հերթին տաղանդ է պետք, սակայն դրանից բացի, կարևոր է նաև հաջողությունը»:

Միգուցե նրա համար հաջողությունը Մովսես Հերկելյանի հետ ծանոթությունն էր, որը  հիանալով Վահրամի նկարներով ու հավատալով նրա տաղանդին` սկսեց նրա նկարները ներկայացնել միջազգային 20-ից ավելի ցուցահանդեսներում` ARCO-96 (Մադրիդ), PISO-3 (Բուենոս Այրես), EUROP’ART 2000 (Ժնև), 2000/01 Foire d’Art REGGIO (Իտալիա), Internatioanl Art Expo (Նյու Յորք), WCAF show (Լաս Վեգաս) և այլն: Այդ ամենի արդյունքում Վահրամի կտավները զարդարել են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ամենատարբեր պատկերասրահները, թանգարաններն ու մասնավոր հավաքածուները:

«Նկարիչը միանգամից չի կայանում, աստիճանաբար է գտնում իրենը,-կարծում է Վահրամը,-հիմա ես գիտեմ, թե ինչ եմ անում, բայց թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Նա չի վախենում փոփոխություններից, կարծում է, որ նկարիչը միշտ պետք է նոր բան  մտցնի իր աշխատանքում, բայց չի ընդունում, որ շատ հաճախ մարդիկ դրան ընդդիմանում են. «Ասում են` էս քո ոճը չի, մի նկարի: Դա ճնշում է նկարչին: Բայց եթե նկարիչը համառորեն շարունակում է` առանց հաշվի առնելու այդ կարծիքները, անպայման հաղթում է»:

Վահրամն այսօր Հայաստանի թերևս ամենալավ վաստակող նկարիչներից է, սակայն իր նկարների վաճառքով գրեթե չի զբաղվում: «Ես բիզնեսմեն չեմ, նկարիչ եմ,- ասում է նա,-իսկ ընդհանրապես դրսի շուկան գրավելու համար որոշակի աշխատանքներ տարվում են, սակայն կարևորը նկարն է, որն իր ուժն ունի: Եթե կտավը լավն է, գրավում է մարդկանց առանց որևէ գովազդի»:

Նրա կտավները մեծ արձագանք են գտել արտասահմանում: Ճիշտ է, գնորդները հիմնականում արտասահմանցիներ են, սակայն դա նրանից չէ, որ Վահրամի աշխատանքները բարձր են գնահատում միայն օտարները. պարզապես այսօր Հայաստանում քչերն են ի վիճակի հազարավոր դոլարներ տրամադրելու արվեստի նման գործեր գնելու նպատակով:

Նկարիչն օրվա մեծ մասն անցկացնում է մի գեղատեսիլ վայրում կառուցած իր արվեստանոցում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի գետն ու ձորը:  Այնտեղ Վահրամն իրեն ավելի հանգիստ ու ազատ է զգում` զերծ քաղաքի աղմուկից ու իրադարձություններից և սովորական հայաստանցու համար շարունակում է մնալ որպես «անհայտ մի նկարիչ», որ չի սիրում հասարակական ակտիվ կյանքով ապրել, հարցազրույցներ տալ լրագրողներին կամ քաղաքականացնել արվեստն ու քննարկել այն: Ինչպես ինքն է ասում. «Ես իմ գործն եմ անում` նկարում եմ»:

Նա նկարում է Հայաստանում, բայց նրա կտավները գնահատում է դրսի մշակութային հանրությունը: «Միջազգային արվեստաբաններն ու քննադատները չեն տատանվել Վահրամ Դավթյանին պոստմոդեռն շարժման ամենակարկառուն ներկայացուցիչների շարքը դասելիս»,-գրում է Շվեյցարիայի Gruyere Fantastic Art Museum-ի տնօրենը: Արվեստաբանության դոկտոր, ազգությամբ ռուս Նիկոլայ Սուվորովն էլ նկատում է. «Նրա գեղարվեստական տաղանդը միջազգայնորեն է ճանաչված»:

 

 

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply