Ինչ տվեց մասնակցությունը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 17, 2011 15:38
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում օրերս ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային էր 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար, մերոնք անմասն մնացին պարգևներից: Ի դեպ, մինչև առաջնության սկիզբը շատ էր խոսվում այն մասին, թե իմաստ ունի՞ մրցումների գնալ մի երկիր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն անբարյացակամ է լինելու: Բացի այդ, կար 2010-ի դառը փորձը, երբ նույն Բաքվում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցած հայաստանցի բռնցքամարտիկների համար ծանր պայմաններ էին ստեղծվել, դահլիճում նրանց վրա իրեր էին նետել: Մերոնք ոչ մի մեդալի, նաև Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի թեկուզ մեկ ուղեգրի չէին տիրացել: Եվ ճնշումն այնքան ակնհայտ է եղել, որ միջազգային ատյանները որոշել են բացառության կարգով Հայաստանի մեկ ներկայացուցչի պատանեկան օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին մասնակցելու իրավունք տալ:
Իսկ այս անգամ մեր երկրի մեկ մարզիկ տիրացավ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրի, բայց դա մխիթարական չի կարելի է համարել, քանի որ բռնցքամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է համարվում, մեծ փողեր են ծախսվում, ուստի Հայաստանի ներկայացուցիչներից սպասելիքներն ավելին էին:
Մրցավայր մեկնելուց առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հայտնեց, որ խնդիր է դրված տիրանալ 2-3 ուղեգրի, սակայն Հայաստանի հավաքականի 8 բռնցքամարտիկներից օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքի արժանացավ միայն աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Ծանրքաշային Արմեն Սիմոնյանն ընդհանրապես ռինգ դուս չեկավ, որ պատճառաբանում են վերջին պահին Բաքվում ստացած վնասվածքով: Սակայն բացահայտվել է, որ նա փաստաթղթերի խնդիր է ունեցել, քանի որ նախկինում ներկայացրել է Ուկրաինան: Իսկ ռինգ դուրս եկած մեր թիմի մյուս անդամները, որոնց թվում թեև տիտղոսակիրներ կային` Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ, անկարող էին որևէ բան անել, թեկուզ 1-8-րդ տեղեր զբաղեցնել, ուղեգրերի տիրանալ: Եվ պատճառը հայկական ազգանուններ ունենալը չի կարելի համարել: Ռուսաստանի հավաքականին ոսկե պարգև բերեց ազգությամբ եզդի, 52 կգ քաշային Միշա Ալոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հայրապետյանը (49 կգ):
Մտածելու շատ բան կա: Օրինակ` ինչն է պատճառը, որ օլիմպիական խաղերից, աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը լքել են տիտղոսկիր մարզիկներ Ազատ Հովհաննիսյանը, Էդիկ Համբարձումյանը, Ցոլակ Անանիկյանը: Եթե ամեն բան լավ է, ապա նման բան չպետք լիներ: Մանավանդ որ գարնանն էլ Երևանում կազմակերպվել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը, մեծ փողեր էին ծախսվել: Հայաստանից 11 մարզիկ էր եզրափակչում, և նրացից 6-ը հաղթող դարձան: Իսկ հիմա պարզվում է, որ այդ ամենը փուչիկ էր, քանի որ սկզբունքային ստուգատեսում բավարար ցուցանիշ չկա:
Եթե Հայաստանում բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար չկազմակերպվի, ընդհանրապես մերոնք նոր ուղեգրերի չտիրանան, դուրս կգա, որ հայկական բռնցքամարտում ձեռքբերումների հասնելու համար նպատակային աշխատանք չի կատարվում:






Facebook
Tweet This
Email This Post
