Ադրբեջանցիները ցավել են հայերի համար
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 14, 2011 15:30
Սլովենիայի Ռագոսկա Զլատինա առողջարանային քաղաքում կազմակերպված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկայի» կանանց հավաքականը, կրկնելով նախորդ տարվա հաջողությունը, գրավեց 3-րդ տեղը, իսկ տղամարդկանց թիմը, նախորդ ստուգատեսի համեմատ, առաջընթաց ունեցավ երկու աստիճանով և զբաղեցրեց 9-րդ տեղը: Մասնակցում էին կանանց 11, տղամարդկանց 62 թիմեր, և վարկանիշով էլ մերոնք այն տեղերում են, որոնք զբաղեցրել են: Վերադարձից հետո խնդրեցինք տպավորությունները պատմել «Միկա» շախմատային ակումբի գործադիր տնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:
– Այս անգամ կանանց մրցաշարի մասնակից թիմերի թիվը շատ չէր: Մեր թիմն այս տարի ավելի հզոր էր, քան 2010-ին, քանի որ այն համալրել էր աշխարհի նախկին չեմպիոնուհի Ժու Չենը, որը խաղում էր 3-րդ խաղատախտակի առջև: Մեկ այլ լեգեոնական` Հարիկա Դրոնավալին, մեր թիմի երկրորդ խաղացողն էր: Իսկ առաջին խաղատախտակի առջև հանդես էր գալիս Էլինա Դանիելյանը: Ընդ որում, վերջին երկու շախմատիստուհիներն էլ շեշտակի առաջադիմել են և բարձր արդյունքներ են ցույց տալիս: Այնպես որ` «Միկան» մեծ ներուժ ուներ: Եվ թիմը, որում Լիլիթ Մկրտչյանի նման բարձրակարգ շախմատիստուհին հանդես էր գալիս 4-րդ խաղատախտակի առջև, կարող էր հավակնել ամենաբարձր տեղի:
– Իսկ ինչո՞ւ դա չեղավ:
– Չմոռանանք, որ մեզնից ավելի բարձր վարկանիշով երկու թիմ էլ կար: Ընդ որում, մերոնք շատ մոտ էին արծաթե մեդալակիր դառնալու: Ոսկե պարգևների մասին խոսք լինել չէր կարող, քանի որ հիմնական հակառակորդին` ռուսական ABC-ին պարտվել էինք 1,5:2,5 հաշվով, և 6-րդ տուրից հետո չեմպիոն դառնալու հնարավորություն չկար: Բայց նաև կային հանգամանքներ, որոնք թույլ չտվեցին այդ անել:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Բանն այն է, որ ամբողջ մրցաշարի ընթացքում մեր խաղացողները վատառողջ էին: Բոլորն էլ հերթով հիվանդացան: Մասնավորապես, առաջին տուրում խնդիր կար, որ Դանիելյանն ընդհանրապես չի կարող խաղալ: Նա բարձր ջերմություն ու գլխացավեր ուներ: Էլինան մեկուկես օր ոչ մի բան չէր ուտում: Մտածում էինք նրան առաջինից տեղափոխել չորրորդ խաղատախտակի առջև:
– Եթե պահեստային խաղացող մրցավայր մեկնած լիներ, այդպիսի հարց չէր առաջանա: Հնարավորությունը չօգտագործելը սխալ չէ՞ր:
– Նախ, 7 տուրից բաղկացած մրցաշարում, երբ ամեն թիմ 4 խաղատախտակի առջև է մրցում, պահեստայինի դերը մեծ չէ: Եվ շատ թիմեր էին առանց 5-րդ խաղացողի եկել Սլովենիա: Բայց նախատեսել էինք, որ պահեստային շախմատիստուհի ունենանք: Անցյալ տարվա մեր թիմից պետք է խաղար գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, սակայն խնդիրներ ծագեցին, և նա չմասնակցեց մրցաշարին: Փաստորեն, ժամանակ էլ չէր մնացել, որ նրա փոխարեն մեկ ուրիշ բարձրակարգ խաղացողի ընդգրկեինք թիմում: Դանիելյանից հետո հիվանդացան Մկրտչյանը, ապա` Ժու Չենը: Վերջին երկու տուրերին վատառողջ էր Դրոնավալին: Դանիելյանի մրսածությունը կրկնվեց, և վերջին երկու տուրերին նա դարձյալ հիվանդ էր:
– Գրիպի վարակ կա՞ր:
– Այդպիսի տեղեկություն չունեինք, սակայն մրցաշարի ավարտից հետո բացահայտվեց, որ զգալի թվով խաղացողներ մրցաշարի օրերին հիվանդացել են: Ի դեպ, եղանակային պայմանները հիանալի էին, մրցավայրը հաճելի, ծառաշատ վայրում էր, լավ հանքային ջուր կար, գեղեցիկ զբոսավայրեր, բայց հիվանդության ինչ-որ հարուցիչ է եղել, որից տուժել են շատերը: Իսկ վարակի հավանականությունը մեծ էր, քանի որ բոլորը մեկ դահլիճում էին խաղում: Եվ քանի որ մեր շախմատիստուհիները վատառողջ էին, երբեմն սխալվում էին այնպիսի դիրքերում, որ զարմանալ կարելի էր:
– Ո՞վ է ամենից շատ վրիպել:
– Բոլորն էլ սխալներ թույլ տվել են: Թերևս քիչ է վրիպել Դրոնավալին: Ի դեպ, վերջին երկու տուրում նրան թույլատրվեց արագ մրցակցուհիներին ոչ-ոքի առաջարկել: Հանդիպումները կարևոր էին, և հակառակորդները չգիտեին, որ Հարիկան հիվանդ է: Փաստորեն, նա ֆիզիկապես ի վիճակի չէր խաղալու, իսկ արվածը տակտիկական քայլ էր, որպեսզի բացասական արդյունք չունենանք: Իհարկե, դա գաղտնի էր պահվում:
– Այդուհանդերձ, թեև մեր մարզուհիները 3-րդ մրցանակակիր դարձան, սակայն որոշ վերապահում կա, կարճ ասած`սպասելիքներն ավելի մեծ էին:
– Թեև մեր երկրի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադաների, աշխարհի առաջնության հաղթող չի դարձել, ինչպես տղամարդկանց հավաքականը, մեր շախմատիստուհիների հեղինակությունը բարձր է: Թերևս այդ է պատճառը, որ Եվրոպայում 2-3-րդ տեղերը բաժանած Հայաստանի մարզուհիների թիմի արդյունքը (ընդ որում, մերոնք միայն լրացուցիչ 3-րդ ցուցանիշով են զրկվել արծաթե մեդալից) ինչ-որ չափով ներքին անբավարարություն է առաջացնում, ոչ թե ոգևորություն:
– Տղամարդկանց թիմերի մրցաշարի մասին ի՞նչ կասեք:
– Տարբեր պատճառներով այս տարի երիտասարդական կազմով էինք մրցավայր ներկայացել: Հետևաբար, մեր թիմի առջև շատ մեծ խնդիրներ չէին դրված: Ներկայումս երիտասարդ շախմատիստների նոր սերունդ է աճում, և պետք է հնարավորություններ տալ, որ զարգանա: Առաջին խաղատախտակը խնդրել էինք, որ գլխավորի փորձառու Գաբրիել Սարգսյանը: Եվ նա փայլուն կատարեց առաջադրանքը` 7 հնարավորից հավաքելով 5 միավոր: Գաբրիելը 3 հաղթանակ տարավ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և չունեցավ ոչ մի պարտություն: Ընդ որում, վերջին տուրում առավելության հասավ մրցաշարում ուժեղագույն ճանաչված «Սանկտ Պետերբուրգ» թիմի առաջատար, 2011-ի Ռուսաստանի սուպերմրցաշարի հաղթող, աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Արման Փաշիկյանը նույնպես առանց պարտության ավարտեց մրցաշարը և 7 հնարավորից նույնպես հավաքեց 5 միավոր: Զավեն Անդրիասյանն էլ այդպիսի արդյունք ցույց տվեց: Ավետիք Գրիգորյանը 6 խաղից 4,5 միավոր հավաքեց: Նա 6-րդ խաղատախտակի առջև հանդես եկած շախմատիստների պայքարում գրավեց 2-րդ տեղը: Մեր պահեստայինը` Ռոբերտ Հովհաննիսյանը, երեք անգամ խաղատախտակի առջև նստեց և բոլոր մրցամարտերում էլ հաղթեց: Անհաջող մրցելույթ ունեցավ միայն Տիգրան Պետրոսյանը` 6 հնարավորից ` 2 միավոր. 2 պարտություն, 4 ոչ-ոքի: Թերևս պատճառն այն է, որ նա հանդես էր գալիս 2-րդ խաղատախտակի առջև և մրցում ուժեղ շախմատիստների հետ: Տիգրանը 2 պարտիայում պարտվեց ուժեղ` 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների:
Ինչևէ, անսպասելի էր, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այդքան հաջող կսկսի` երեք անընդմեջ հաղթանակ կտանի 5:1 հաշվով: Իսկ վեջին տուրում այնպիսի իրավիճակ էր, որ մենք խաղում էինք առաջատարի` «Սանկտ Պետերբուրգի» հետ: Եթե մերոնք հաղթեին, ապա մրցանակային տեղում կհայտնվեին, հնարավոր է նաև, որ չեմպիոն դառնային: Մոտ էին դրան: 4-րդ և 6-րդ խաղատախտակների առջև նստած մեր մարզիկներն արագորեն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումերը: Մնացած պարտիաներում չէր նկատվում, որ մրցակիցն առավելություն ունի: Ցավոք, մեր երիտասարդ շախմատիստները չկարողացան չսայթաքել: Պետրոսյանը և Անդրիասյանը զիջեցին մրցակիցներին: Չօգնեց նույնիսկ այն, որ Սարգսյանը հաղթեց ահեղ մրցակցին:
– Իսկ Մելքումյանը պայմանավորվե՞լ էր Հայաստանի հավաքականի երկրորդ խաղատախտակի առջև մրցակցի թիմի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանի հետ, որ այդ պարտիան ոչ–ոքի ավարտվի:
– Ոչ, այդ պարտիան ամենաուշն ավարտվեց: Ընդ որում, Ադրբեջանի թիմը` «Սոկարը», որն արդեն հաղթել էր գերմանական «Բադեն Բադենին» և հավակնում էր առաջին տեղին, ամբողջ թիմով սպասում էր այդ հանդիպման ավարտին: Եթե մենք մրցամարտում հաղթեինք, ապա ադրբեջանցիների հետ կբաժանեինք 1-2-րդ տեղերը, և լրացուցիչ գործակիցներով սահմանակից երկրի ներկայացուցիչները չեմպիոն կդառնային: Ոչ-ոքի արդյունքի դեպքում մենք պատվավոր տեղ կզբաղեցնեինք, իսկ ադրբեջանցիները դարձյալ չեմպիոն էին դառնալու: Այդ է պատճառը, որ Ադրբեջանի ամբողջ պատվիրակությունը վերջին օրը ցավում էր հայկական ակումբի համար, ցանկանում, որ այն հաջող խաղա: Ընդ որում, Ադրբեջանի թիմի 4-5 գրոսմայստերներ բացահայտ մեր խաղացողների թիկունքին էին կանգնել և հետևում էին նրանց պարտիաների ընթացքին: Եվ այդ պարտիան էլ վճռորոշ դարձավ, ադրբեջանցիներն էլ բավարարվեցին 2-րդ տեղով: Մերոնք պարտվեցին 2,5:3,5 հաշվով: Վերջում ինձ մոտեցան Ադրբեջանի հավաքականի, նաև այդ ակումբի գլխավոր մարզիչ Տուկմակովը, խաղացող Սուտովսկին, որը թեև ներկայացնում է Իսրայելը, սակայն ծնվել է Բաքվում, և ասացին, որ երբեք չեն տեսել, որ ադրբեջանցիները ցավեն հայերի համար:






Facebook
Tweet This
Email This Post
