«Մեզ մոտ արդարադատությունը շատ թանկ արժի…»
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | October 15, 2011 12:26
Իրիցյանների ընտանիքն ապրում է Քանաքեռի 6-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող իրենց տանը: Ու թեև տանը կոմունալ պայմաններ չկան, պատերը հողաշեն են և խոնավ, վերանորոգում կատարված չէ, այնուամենայնիվ այս տանն ապրում է 5 հոգի, և նրանց համար մեծ անակնկալ է եղել, երբ 2002 թ. իմացել են, որ տունը պետք է սեփականաշնորհել, հակառակ դեպքում իրենք կհայտնվեն դրսում:
«Տունը գրանցված է եղել ամուսնուս հոր հորեղբոր անունով: 1960-ից սկեսրայրս և սկեսուրս ապրել են նրանց հետ, խնամել նրանց, քանի որ ժառանգ չեն ունեցել: Սկեսրայրիս և նրա հորեղբոր ազգանունները նույնը չեն եղել, բայց 1960-ից սկսած` բոլոր վճարումները կատարվել են սկեսրայրիս անունով: Հետո չկարողացանք ապացուցել, որ նրանք ապրել են այդ տանը և եղել են ազգականներ: 2002 թ. ես գնացի Կենտրոնական նոտարիատ, և նրանք ինձ ասացին, որ տունը պետք է սեփականաշնորհել, իսկ դրա համար պետք է, որ տունը լինի սկեսրոջս անունով (սկեսրայրս մահացել է): Չնայած բոլոր հարևանները և ընդհանուր հարազատները գիտեին, որ նրանք հարազատներ են եղել և մի տան մեջ են ապրել, բայց ոչ մի իրեղեն ապացույց չկար:
Դրա համար ես պետք է դիմեի Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` տունը սկեսրոջս անունով փոխելու դիմումով, և սպասեի դատարանի վճռին»,- պատմում է այդ ընտանիքի հոգսը կրող Օֆելյա Իրիցյանը: Նրա ասելով` այն ժամանակ, երբ իմացան այդ մասին, աշխատում էր միայն ամուսինը, և իրենք ի վիճակի չեղան գումար տնտեսելու փաստաբանի համար,այդ պատճառով էլ սեփականաշնորհման գործընթացը հետաձգեցին:
2005 թ. ամուսինն աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով վնասվածք է ստանում, ապա հաշմանդամության 2-րդ կարգ: Ընտանիքի հոգսը ստիպված է լինում կրել Օֆելյան: Տան սեփականաշնորհման հարցով Օֆելյան սկսում է նորից զբաղվել միայն 2007 թ.:
Նրա խոսքով` նորից գնացել է Կենտրոնական նոտարիատ, ցույց տվել փաստաթղթերը, պատմել իրավիճակը: Եվ քանի որ Օֆելյան օրենսդրական դաշտից ոչինչ չգիտեր, այնտեղ նրան խորհուրդ են տալիս գտնել մի լավ փաստաբան: Օֆելյան դիմել է իր ծանոթներից մեկին` լավ փաստաբան գտնելու հույսով: «Ինձ ասացին Քանաքեռում բնակվող Ռոբերտ Գրիգորյանի մասին, ես էլ մտածեցի` դե, քանաքեռցի է, կգա, կտեսնի, որ անապահով ընտանիք ենք, ավելի քիչ գումար կուզի իր ծառայությունների համար: Նրան ցույց տվեցի բոլոր թղթերը, ամեն ինչ պատմեցի, ասաց` կտրոնները, որ վճարումները կատարվել են սկեսրայրիս անունով, կօգնեն»:
Ռ. Գրիգորյանը, նայելով բոլոր թղթերը, ասել է, թե գործը շատ խճճված է, և օրենքի շրջանակներում հնարավոր չի լինի «գործը գլուխ բերել»: Իրեն պետք կգա 2.000 դոլարին համարժեք գումար` վճիռն Իրիցյանների օգտին կայացնելու համար:
«Փաստաբանին ասացի, թե շատ է, չեմ կարող տալ: Նա էլ թե. «Դու գիտես, բայց փոխարենը տան տեր ես դառնում, բա ի՞նչ էիր ուզում, որ մի հարուստ մարդ իմանա, թե լավ տարածք կա, կգա կառնի, դու էլ երեխեքիդ հետ դրսում կմնաս, էդ ժամանակ գլխիդ վայ ես տալու, թե 2.000 դոլարով տուն կարող էի ձեռք բերել»: Ասացի` բայց չէ՞ որ այս տանը է~ որ թվից մենք ենք ապրել, ասաց, թե. «Հա՛, դուք եք ապրել, բայց ապացույց չկա, դրա համար էլ պիտի փող տաս: Քո ձեռքից ոչ մի դատավոր փող չի վերցնի, թե տամ` ես պիտի տամ: Էս գինն էլ մենակ քեզ համար, էն էլ բացառության կարգով` որպես անապահով, 2 երեխայի տեր կին»»:
Օֆելյայի պատմելով` ինքը, վախենալով 75-ամյա սկեսրոջ, հիվանդ ամուսնու և անչափահաս տղաների հետ դրսում հայտնվելուց, ստիպված է եղել սրանից-նրանից, «տոկոսով», ծանոթ-անծանոթից էդ գումարը մի կերպ ճարել, նրան տալ:
Օֆելյան անձամբ չի տեսել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին, ներկա չի եղել դատական նիստին, դատավճռի կայացման օրը չի էլ իմացել: Նա միայն վերոհիշյալ գումարը և սկեսրոջ անունից լիազորագիր է տվել Ռ. Գրիգորյանին ու սպասել դատավճռին:
«Դե, ես ի՞նչ եմ հասկանում: Ռ. Գրիգորյանն էլ ասաց` դու ինչ ես հասկանում օրենքներից, մի անհանգստացի, ես ամեն ինչ կանեմ, հետո տունդ քո անունով քեզ կտամ, էլ ու՞ր ես գալիս»:
Թե որքան է գնահատել իր ծառայությունները Ռ. Գրիգորյանը և որքան դատավորինը, հայտնի չէ: «Նոր տարվա նախաշեմին զանգեց, ասաց, թե պիտի նույն դատարանի նախագահին էլ փող տաս: Եվս 500 դոլար ուզեց: Էլ չիմացա` նախագահն ով ա, ում եմ տալիս: Վստահում էի նրան, մտածեցի` կխղճա, չի խաբի: Ես լաց եղա, ասացի, որ էլ հնար չկա, որ Նոր տարի ա, գոնե մի բան էլ իմ երեխեքին առնեմ, որ վառելիք չունեմ, ամուսնուս դեղերը պիտի առնեմ, պարտքերս փակեմ… Բայց դե, նա իրենը պնդեց»,-հիշում է Օֆիկը:
Տունը մնաց, պարտքերն` ավելացան…
Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական կամ իրավաբանական անձը, որը անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմության իրավունք): Հիշեցնենք` Իրիցյանների ընտանիքն այդ հասցեում բնակվել է 1960 թվից: Ավելացնենք, որ վճարումները, 1960-ից սկսած, կատարվել են Օֆելյայի սկեսրայրի` Մերուժան Իրիցյանի անունով, ինչպես գրանցված է վճարումների կտրոնների վրա, իսկ 1994-ից ընտանիքն ընդգրկված է «Փարոս» ծրագրում:
Հիմք ընդունելով վերոհիշյալը` Արաբկիր և քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է դիմումը բավարարել:
Հիմա ընտանիքը ծածկ ունի, սակայն դեռ լուծված չէ հողի սեփականաշնորհման հարցը, տանը բացակայում են կոմունալ հարմարությունները, առջևում ձմեռ է, նրանք վառելանյութ չունեն, իսկ ընտանիքի պարտքերը դեռ մնում են: Օֆիկի ամուսնու հաշմանդամության թոշակը չի գերազանցում 9.000 դրամը, ինքը չի կարողանում աշխատել. «Ամուսինս երեխաներից շատ խնամք է պահանջում, մնացել ենք «Փարոսի»` 22.000 դրամի ու ամուսնուս թոշակի հույսին: Տղաներիցս մեկը բոքսի է ուզում գնալ, մյուսը` ֆուտբոլի: Ես չունեմ այնքան գումար, որ նրանց ուղարկեմ պարապմունքների. ճանապարհածախս չկա»:
Հարևանների պատմելով` ամբողջ տարին Օֆիկը և նրա անչափահաս որդիները խանութներից, իրենցից և հնարավոր բոլոր այլ տեղերից վառելանյութ են հավաքում, որ ձմռանը փայտի վառարանով տաքանան, իրենք էլ ձեռքներից եկածն անում են, որ օգնեն:
«Հիմա ես տուն ունեմ, բայց ո՛չ վառելիք ունենք, ո՛չ ամուսնուս համար` դեղեր, ո՛չ նույնիսկ հույս, թե կմարեմ պարտքերս: Մեկ-մեկ ուզում եմ` տունս գրավ դնեմ, որ էդ պարտքերից ազատվեմ, բայց գիտեմ, որ էդ դեպքում տունս կկորցնեմ: Ու չգիտեմ` լավ էր տո՞ւնը կորցնեի, թե՞ էսքան պարտքեր դնեի ուսիս: Կարծում եմ` փաստաբանը տեսավ` մենակ, անտեր կնիկ եմ, խաբեց, տարավ: Օգտվեց իմ չիմացությունից ու վստահությունից: Չգիտեմ` ինչ անեմ, 2 դեպքում էլ տուժեցի»:
Արդարադատության վրա նա այլևս հույս չի դնում. «Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան կարելի է փոխել: Նորից կգա մեկ ուրիշ փաստաբան ու կուզի դրա 2 չափը, ու սրանից 2 անգամ ավելի վատ կլինի, քանի որ մեզ մոտ արդարադատությունը շատ թանկ արժի: Էժան կամ ձրի տարբերակներ էլ չկան»:
Հ.Գ. «Անկախը» փորձում է կապվել նաև փաստաբանի հետ: Նրա մեկնաբանությունները ընթերցողին կներկայացվեն հաջորդ համարներում:
Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
