Հարություն Շմավոնյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 16, 2011 13:17

ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ «Հայ մամուլի օր»: Այս օրը նշանավորվել է հայկական առաջին տպագիր պարբերականի` «Ազդարարի» հրատարակությամբ։ 217 տարի առաջ` հոկտեմբերի 14-ին, հեռավոր Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական մամուլի առաջնեկը` «Ազդարար» թերթը:

Հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» ստեղծման համար պարտական ենք Հարություն քահանա Շմավոնյանին: Նրա կյանքն ու գործունեությունը, սակայն,  դեռևս լրիվ լուսաբանված չեն, և շատ հարցեր դեռ պատասխանի են սպասում:

Հարություն Շմավոնյանը ծնվել է 1750 թ. Իրանի Շիրազ քաղաքում: Կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որտեղ էլ երիտասարդ տարիքում ձեռնադրվել է քահանա և դարձել Շիրազի հայոց հոգևոր հովիվը: Սակայն 25-ամյա երիտասարդ քահանային ծանրագույն դժբախտություն է պատահում. համաճարակից մահանում են նրա երկու դեռահաս զավակները:

Այս ծանր հարվածն ընկճում է Հարություն քահանային: Չկարողանալով տանել ծանր վիշտը, նա լքում է ընտանիքը, եկեղեցին ու մենակյաց դառնում: Շիրազից քիչ հեռու Բաբա քուհ կոչվող լեռ կա, որ մահմեդական դերվիշների և իսլամի ճշմարիտ ուղղությունից շեղված աղանդավորների հավաքատեղին էր: Հարություն քահանան էլ բարձրանում է այդ լեռն ու ապաստան գտնում դերվիշների մոտ: Նրա ճգնությունը տևում է երկար ու ձիգ յոթ տարի:

Բաբա քուհի ճգնությունը Հարություն Շմավոնյանի կենսագրության առեղծվածներից է. հարց է` ինչպե՞ս են նրան ընդունել իսլամական մոլեռանդ ոգով ապրող դերվիշները իրենց համայնքում: Ինչևէ.  այդ յոթ տարիները Շմավոնյանը հենց այնպես չանցկացրեց: Բաբա քուհի ճգնությունը իսկական համալսարան դարձավ նրա համար: Նա ուսումնասիրեց արաբների և պարսիկների լեզուն, գրականությունը, մշակույթը` այդ ասպարեզում դառնալով ժամանակի լավագույն գիտակներից մեկը:

1783 թ. Հարություն Շմավոնյանը ընտանիքի և հարազատների թախանձագին խնդրանքներից հետո թողնում է դերվիշների մենաստանն ու կրկին քաղաք է իջնում: Սակայն կյանքը հարազատ քաղաքում անտանելի էր, քանզի այն շարունակ հիշեցնում էր Շմավոնյանի մանկահասակ երեխաների կորուստը, ուստի մեկ տարի անց, իր իսկ խնդրանքով, նա նշանակվում է Մադրասի հայկական եկեղեցու քահանա և տեղափոխվում Հնդկաստան:

Այդ ժամանակ Հնդկաստանի, մասնավորապես Մադրասի հայկական գաղթօջախը, թերևս, ամենաակտիվ ու կազմակերպված գաղթօջախն էր հայ իրականության մեջ: Մադրասում հայերը հաստատվել են XVI դարի սկզբին: XVIII դարում այստեղ հայրենասիրական խմբակ էր գործում, որի ակտիվիստներն էին ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինը, որ իր համարձակ ծրագրերով հայրենիքում փորձում էր ազատագրական պայքար սկսել, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը… Շահամիր Շահամիրյանը մեծահարուստ վաճառական էր: Նա վրաց Հերակլ Բ թագավորին է նվիրել ադամանդակուռ մատանի, որի արժեքը հավասար էր վրաց գանձարանի մեկ քառորդին: Փոխարենը վրաց արքան Շահամիր Շահամիրյանին է նվիրում Լոռին և կարգում Լոռվա իշխան:  Սակայն Շահամիրյանն իր կյանքում չտեսավ իր կալվածքը…

Մադրասի խմբակը Հայաստանի ազատագրման ծրագրեր էր մշակում և առաջարկում ռուսական արքունիքին: Հատուկ գրքույկով լույս տեսան նրանց հրատարակած «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» աշխատությունը, «Հայաստանի ազատագրման ծրագիրը», «Որոգայթ փառացը», որ իրավամբ կատարյալ սահմանադրություն պիտի համարել… Ավելորդ չէ նշել, որ Մադրասի խմբակը կապեր ուներ նաև հայազգի անվանի զորավար Ալեքսանդր Սուվորովի հետ, վերջինս էլ «Որոգայթ փառացի» առաջին բաժանորդներից էր: Հայերը Մադրասում երկու եկեղեցի ունեին` կառուցած 1547 և 1772 թթ.: Նույն 1772 թ. Շահամիր Շահամիրյանը այստեղ հիմնադրեց նաև հայկական առաջին տպարանը:

Մադրասում Հարություն Շմավոնյանը ոչ միայն շատ արագ  ներգրավվեց հայ համայնքի կյանքում, այլև միացավ Մադրասի խմբակի գործունեությանը: 1789 թ. նա, հետևելով Շահամիր Շահամիրյանի օրինակին, տպարան հիմնեց և հայերեն գրքերի շարք տպագրեց:

Հայտնի չէ, թե ինչ միջոցներով է հայր Շմավոնյանը հիմնել իր տպարանը: Այն բավական թանկ հաճույք էր և մի քահանայի գրպանի համար, բնականաբար, անհասանելի: Չի բացառվում, որ Շմավոնյանին նյութական աջակցություն են ցույց տվել հնդկահայերը, որոնք ակտիվ նավային առևտուր ունեին ողջ աշխարհի հետ, և Հնդկաստանի ամենաապահով համայնքը, կարելի է ասել, հենց հայկական համայնքն էր: Հարություն Շմավոնյանն ինքն էլ սիրով էր աշխատում իր հիմնած տպարանում. մինչ սեփական տպարանը բացելը նա փորձառություն էր ձեռք բերել Շահամիրյանի տպարանում:

Սակայն գրքեր տպագրելով Շմավոնյանի ծրագրերն ու նպատակները չեն ավարտվում: Նա նախաձեռնում է մի նոր մեծ, հայության պատմության մեջ նախադեպը չունեցող գործ` թերթի հրապարակում:

1794 թ. օգոստոսին Մադրասում հայերի շրջանում շրջանառվում է թռուցիկ հիշեցնող մի թերթիկ, որ վերնագրված էր «Ազդ»: Նրանում գրված էր. «Բարեպաշտ հայ պարոնայք և մաքրաբարո տիկնայք: Համոզված լինելով մամուլի օգտակարության հարցում և տեսնելով կրթության նկատմամբ ձեր մեծ ձգտումը, ես անհրաժեշտություն եմ համարում ձեր հայրենասիրությանը դիմել իմ մտահղացման առթիվ: Միտք ունեմ հրատարակել մի տետրակ, որ լույս կտեսնի ամեն ամիս և կկոչվի «Ազդարար»…»: Այդ ազդի մեջ Շմավոնյանը նշում է նաև իր նախաձեռնության կարևորությունն ու գործի դժվարությունը: Շմավոնյանը «Ազդարարի» մեկ համարի գինը նշանակել էր մեկ արծաթ դրամ:

1794 թ. հոկտեմբերին լույս է տեսնում «Ազդարարի» առաջին համարը: Պարբերականի էջերում Շմավոնյանն անդրադառնում է հնդկահայ գաղութի կյանքին, տեղադրում է լուրեր, առակներ, պատմական վավերագրեր, հոգևոր կոնդակներ, բանաստեղծություններ, պատմություններ, հայտարարություններ, շնորհավորանքներ, անգամ շուկայի գների մասին լրատվություն կա: Թերթի էջերում մարդիկ նաև բանավիճում էին զանազան հարցերի շուրջ: Ընթերցողների հետ կապը պահելու համար խմբագրապետը եկեղեցու զանգակատան պատին սնդուկ է կախում, որպեսզի նրանք իրենց նյութերը, առաջարկություններն ու դիտողությունները գցեն այնտեղ:

«Ազդարարը» թերթ էր բոլոր խավերի համար: Նրա լույս ընծայումը մեծ արձագանք գտավ և ոգևորության ալիք բարձրացրեց հայկական գաղթօջախներում: Շմավոնյանը թերթն առաքում էր բոլոր մեծ գաղթօջախները: Արձագանքները չուշացան, և շուտով ի հայտ եկան առաջին թղթակիցները: Փաստորեն, «Ազդարարը» կարճ ժամանակում դարձավ համահայկական թերթ:

Շմավոնյանն «Ազդարարում» մեծ ուշադրություն էր նվիրում նաև պատմական երկերին: Մասնավորապես, նա տպագրեց Խաչատուր Նորջուղայեցու «Պարսից պատմությունը». եզակի աշխատություն իր տեսակի մեջ, որ մեզ է հասել հենց «Ազդարարի» շնորհիվ:

Շմավոնյանն իր թերթում տպագրում էր ոչ միայն հայերեն, այլև արաբերեն և պարսկերեն նյութեր:

Չնայած «Ազդարարը» հայ մամուլի նախակարապետն է, այն լիովին կայացած պարբերական էր` իր լայն աշխարհայացքով ու ընդգրկումով: Ափսոս միայն, որ «Ազդարարի» կյանքը շատ կարճ տևեց: Այն գործել է մինչև 1796 թ. մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակվել է 18 համար:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4496 անգամ:
Print Friendly

    Leave a Reply