Սիսիանի մանկապարտեզի երեխաների թունավորումը, պարզվել է, սննդից է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 11:53

Ըստ Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանի` սեպտեմբերի 5-ին սուր աղիքային ցավերով Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված նախադպրոցական տարիքի 27 երեխաների թունավորումը սննդից է:
«Արդեն հաստատվեց, որ սննդային թունավորում է, ու բարձր ջերմությունը, փսխումն ու փորլուծությունը դրանից էին»,-ասաց Թադևոսյանը:
Հոսպիտալացված երեխաները բոլորն էլ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզի սաներ են, ամենափոքր հիվանդը 3 տարեկան է:
4 երեխա ցնցումային ծանր վիճակում էին, բայց այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 12 երեխա էլ բժիշկների հսկողության տակ տնային բուժում են ստանում: Այժմ հիվանդ երեխաների վիճակը գնահատվում է բավարար:
Շրջանառվող լուրերի համաձայն` թունավորումը կարող է լինել կամ խտացրած կաթից կամ տոլմայից: Մանկապարտեզի վարիչ Ամալյա Ալեքսանյանը համաձայն չէ այս տեսակետի հետ, որովհետեւ, ըստ նրա, երեխաներ կան` ոչ տոլմա են կերել, ոչ խտացրած կաթ, բայց հիվանդանոցում են:
Բժիշկներն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն անում, ու դեռ չեն կարող նշել, թե ինչ սննդատեսակից կարող է լինել. hետազոտվել են նաև մանկապարտեզ հաճախող 116 երեխաներն ու 21 աշխատողները:
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի որոշմամբ` անորոշ ժամկետով դադարեցվել է մանկապարտեզի աշխատանքը:
Սիսիանում գործող մյուս 3 մանկապարտեզներում իրավիճակը վերահսկելի է, ու նման ախտանիշեր երեխաների մոտ չկան, չնայած թիվ 4 մանկապարտեզի տնօրենը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ Սիսիանի տարածաշրջանի այլ բնակավայրերում էլ կան նույն ախատանիշերով հիվանդ երեխաներ, որոնք տնային բուժում են ստանում:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը վստահեցնում է, որ խստագույնս պատժվելու են բոլոր մեղավորները:

Արմեն Մկրտչյան

Դիտվել է 1731 անգամ:
Print Friendly

Leave a Reply