Արևելյան բժշկություն. ինչպես պետք է ճիշտ սնվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 19, 2011 7:00

Շատ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ուտում, այլև, թե ինչպես ենք ուտում: Արևելյան բժշկությունը կարծում է, որ նույնիսկ ծանր սնունդը լավ ու դանդաղ ծամելու դեպքում չի վնասի: Դրա համար պարզապես պարտադիր է սնունդը լավ ծամել, թքով շաղախել, իսկ հեղուկը` փոքր կումերով խմել ու մինչ կուլ տալը` բերանում մի փոքր պահել: Ուտելուց հետո էլ պարտադիր է բերանը ողողելը:

Սննդի չափը

Կերեք ամեն ինչ, բայց չափավոր: Չափը որոշվում է  ըստ սննդի տեսակի (թեթև  կամ  ծանր): «Թեթև սնունդը» կարելի է ուտել այնքան, մինչև կշտանաք, իսկ ծանրը` դրա կեսի չափ: Քանակը որոշվում է նրանով, թե որքան հեշտ ու արագ եք այն մարսում: Սնունդը «սնում ու ծնում» է մարմինը: Ուստի, եթե ուտեք ավելի քիչ, քան պահանջվում է, «կկորչեն  մարմնի ուժն ու գույնը», ու  սրտանոթային հիվանդությունների հավանականությունը կմեծանա: Իսկ եթե չափն անցնեք, ապա դժվարամարսություն կառաջանա ու կխցանվեն անոթների անցքերը: Տիբեթյան բժշկությունը խորհուրդ է տալիս  ստամոքսի 2/4-ը լցնել սնունդով 1/4-ը` հեղուկով, 1/4-ն էլ թողնել դատարկ: Ուտելուց հետո խմել պետք է, քանի որ դա հագեցնում է ծարավը, խոնավացնում մարմինը, նպաստում սննդի մանրացմանն ու յուրացմանը: Եթե սնունդը վատ է յուրացվում, փորը փքվում է, ապա ուտելուց հետո պետք է եռացրած  ջուր խմել: Թեթև մարմինը, լավ ախորժակը,  զգայարանների պայծառությունը սննդի չափավորության  արդյունք են: Չափավորության արդյունք  է նաև օրգանիզմից  կեղտի, մեզի ու գազերի հեշտ հեռացումը:

Սննդի համը

Արևելյան բժշկության համաձայն` սնունդը 6 համի է լինում.

1.Քաղցր (օրինակ` խաղող, ծնեբեկ, շաքար, մեղր, հացահատիկներ, միս):

2.Թթու (չիչխան, նուռ, սերկևիլ, հոն, կիտրոն, թթուներ):

3.Աղի (աղ և դարչին):

4.Դառը ( բարբարիս, մումիո, եղեսպակ, խատուտիկ):

5.Այրող  (սև պղպեղ, կոճապղպեղ, սխտոր, սոխ):

6.Տտիպ (լոբազգիներ, ոլոռ):

Համերի ազդեցությունը

Քաղցրն ամրացնում ու  ավելացնում է  մարմնական ուժը. այն օգտակար է ծերերին, երեխաներին, հյուծվածներին, ինչպես նաև կոկորդի ու թոքերի հիվանդությունների դեպքում: Քաղցրը մարմնին ամրություն է հաղորդում, սպիացնում է վերքերը, բարելավում մաշկի գույնը, սրում ընկալունակությունը, երկարացնում կյանքի տևողությունը, դուրս  բերում թույները: Դրա չարաշահումը հանգեցնում է գիրության , առաջանում է միզահյուծություն, վահանաձև գեղձի բորբոքում, ոսկրերը ցավում են, ու մազաթափություն է սկսվում: Քաղցրը նպաստում է անոթների լայնացմանը, դրանով բուժում են սրտանոթային, հատկապես`  սրտի իշեմիկ հիվանդությունները (իհարկե, որպես հիմնական բուժամիջոցներին օժանդակող տարբերակ):

Թթուն տաքացնում է, ախորժակ բացում, հագեցնում, մանրացնում սնունդը, նպաստում մարսողությանը, սրում  տեսողությունը: Թթվի ավելցուկը հանգեցնում է թուլության, առաջացնում  մանր ցան, գլխապտույտ, ծարավ, մկանները կծկվում են, շուրթերը` ցամաքում ու  ճաքում:

Աղին ձգում է կոշտացումները,  թրջոցների տեսքով դրանք ջերմություն ու քրտնարտադրություն են առաջացնում: Ավելցուկից անոթներն առաձգականությունը կորցնում  են, երբեմն դա նույնպես հանգեցնում է ճաղատացման, սպիտակեցման, կնճիռների, ուժահատության ու ծարավի: Աղին նպաստում է մարսողությանը, քաղց ու ծարավ առաջացնում, օրգանիզմում է պահում ջուրը ու փորկապությունների դեպքում թուլացնող ազդեցություն է ունենում (ծովակաղամբ, ծովաղ, քարաղ, սոյայի թանձրահյութ):

Դառը համն օգտակար է ախորժակի բացակայության, ուշաթափությունների, սրտխառնուքի, լյարդի  ու լեղապարկի հիվանդությունների դեպքում: Օգտակար է նիհարել ցանկացողներին, կրծքագեղձի հիվանդությունների ու ձայնի կորստի դեպքում: Ավելցուկը օրգանիզմին ուժահատ է դարձնում: Դառը համը հակաբորբոքային հատկություն ունի: Կարգավորում է երիկամների աշխատանքը, մաքրում է օրգանիզմն աղերից ու խարամներից: Ապաքինումն էլ շատ արագ  արտացոլվում է  արտաքինի վրա: Շատ մարդիկ նիհարելով են բարելավում մաշկի գույնը (թուրինջ, նշի յուղ, քրքում):

Այրող, կծու համը ջերմություն է առաջացնում, բարելավում  մարսողությունն ու ախորժակը, բուժում կոկորդի հիվանդությունները, բացում  անոթները: Ավելցուկը նվազեցնում է պոտենցիան, առաջացնում է դող, ուշագնացություն, ողնաշարային հիվանդություն ու գոտկատեղի ցավեր: Ոտքերը գունատվում են: Կծուն նպաստում է մարսողության բարելավմանը, մաքրում է արյունը, սպանում մանրէները (ծովաբողկ, մանանեխ):

Տտիպ համը վերքերն է սպիացնում, բարելավում է մաշկի գույնը: Ավելցուկը նպաստում է որովայնի փքմանն ու սրտի ցավ է առաջացնում:

Թթուտտիպ համ. դադարեցնում է փորլուծը, նպաստում վերքերի սպիացմանը: Արյան մակարդելիությունն է կարգավորում արյունահոսությունների ու վնասվածքների ժամանակ (արմավ, սերկևիլ, նռան կեղև, հունական կանաչ ընկույզ, կանաչ թեյ):

Սիրտը դառն է ուզում, թոքերը` սուր, կծու, լյարդը` թթու, փայծաղը` քաղցր, երիկամները` աղի,- ասում է արևելյան բժշկությունը:

Համերով բուժումը ձևավորվել է հին հնդկական բժկության մեջ` այուրվեդայում:

Համային թերապիան կարող է հակամանրէային ու հակաբորբոքային ազդեցություն ունենալ բերանի լորձաթաղանթի վրա: Լեզուն զինված է ռեֆլեքսածին գոտիներով, որոնք կապված են այս կամ այն օրգանի հետ:

Լեզվի վրա 10 000 համային ռեցեպտորներ կան: Կարելի է ներազդել լեզվի ծծիչների վրա ու անմիջական մերսում կատարել: Օրինակ` սրտի հիվանդությունների դեպքում պետք է մերսել լեզվի ծայրը: Շնչուղիների դեպքում`  լեզվի կողմնային մակերեսները: Ենթաստամոքսային գեղձի խնդրի դեպքում` լեզվի միջին հատվածը, իսկ երիկամների դեպքում պետք է հիմքին հասնել:

 

Դիտվել է 5235 անգամ:
Print Friendly

Leave a Reply