Իջևանի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 16:16
Ինչպես հայտնի է, ուղիղ մեկ ամիս անց` նոյեմբերի 13-ին, Իջեւանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Ըստ մեր ունեցած վերջին տվյալների, ներկայիս քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը կրկին իր թեկնածությունն է առաջադրելու: Իսկ առաջին թեկնածուն, ով փաստաթղթերով ներկայացել է թիվ 41 ԸԸՀ Իջեւանի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանն է: Ի դեպ Վ. Ներսիսյանը իր վարած աշխատանքի համար շատ անգամ քննադատվել է Վ. Ղալումյանի կողմից: Վերջինս նույնիսկ 2009թ. անվստահություն է հայտնել համայնքապետին:
Այս քայլը շատերին թույլ է տալիս մտածելու, որ Իջեւանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետի քաղաքական մրցակիցներն “երևան են բերում” մեկ միասնական թեկնածուի` նրա համար լոզունգ ընտրելով Դյումայի “Երեք հրացանակիրները” վեպի նշանաբանը` «մեկը` բոլորի, բոլորը մեկի համար»: Թե որքանո՞վ է այս կարծիքը ճշմարտացի, դժվար է ասել: Այն էլ այնպիսի բարդ ու խճողված համակարգում, ինչպիսին ընտրություններն են: Բայց, թերևս, միասնական ընդդիմությունը դեռ ոչ մի անգամ չի կարողացել հասնել իր նպատակին: Իջևանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ միշտ էլ մեծ իրարանցում է եղել, և այն բնավ խաղաղ պայմաններում չի ընթացել:
Հավելենք, որ Վարուժան Ներսիսյանն Իջեւան համայնքը ղեկավարում է դեռևս 1999 թվականից, և ինչպես վերը նշեցինք` արդեն 5-րդ անգամ կփորձի առաջադրել իր թեկնածությունը: Ինչպես հայտնի է նա ՀՀԿ-ի անդամ է ընդամենը այս տարվա մայիսից: Ստացվում է, որ այս տարվա ընտրությունները կարող են մեծ մրցակցություն առաջ բերել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Դե իհարկե հանրապետական կուսակցությանը աջակից թեկնածուն բնականաբար ավելի մեծ շանսեր կունենա:
Անկախ






Facebook
Tweet This
Email This Post
