Կարեն Կարապետյանն ընդունել է Իլ դը Ֆրանս նահանգի պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 14:55Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս նահանգի նախագահի տեղակալ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի գործընկերներին`քաղաքապետը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, ինչը պետք է նպաստի տնտեսական հարաբերությունների առավել ակտիվացմանը եւ բիզնես շրջանակների հետ գործնական շփումների սերտացմանը:
“Մեր փոխայցելություններն ու հանդիպումները, համոզված եմ, խթան կհանդիսանան նաեւ գործնական հարաբերություններին, եւ համագործակցության եզրեր կգտնենք ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկարատեւ կլինի, եթե լինի փոխշահավետ”,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Ֆիլիպ Կալտենբախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, քաղաքապետին է ներկայացրել այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել. մասնավորապես, Երեւանը 2012-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող տարբեր ծրագրերի, կրթական եւ մշակութային աշխատանքների հետ կապված, ինչպես նաեւ կադրերի վերապատրաստման հարցերում: Կալտենբախը նշել է, որ իրենք կարեւոր են համարում Իլ դը Ֆրանսի ներգրավածությունը Երեւանում իրականացվող ծրագրերում եւ ակնկալում են, որ Իլ դը Ֆրանսն իր ուրույն դերը կունենա հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, նաեւ հույս է հայտնել, որ Երեւանի հետ ծրագրերը զարգացում կունենան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն