Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 13, 2011 14:51

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ պատվիրակությունը հոկտեմբերի 7-11-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին, որի  ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում-շնորհանդես` նվիրված  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ  ունեցած դերակատարությանը: Քննարկմանը մասնակցել է շուրջ 100 պատվիրակ ԵԱՀԿ  անդամ 56 երկրից:

Քննարկումը, որը տեւել է երեք ժամ, վարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի ԼՂ հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ Ժոաո  Սուարեշը: Եույթներ են ունեցել ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադտկեն եւ Բեռնար Ֆասիեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Այս ելույթներից բացի եղել են նաեւ այլ ելույթներ, որոնց թվում նաեւ, պայմանավորվածության համաձայն` ելույթներ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը եւ ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ   մեր երկրի դիրքորոշումը:

Ըստ Արամ Սաֆարյանի` ելույթների գերակշիռ մասը եղել է կառուցողական եւ հավասարակշռված. դրանք հիմնականում պաշտպանել  են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ  մոտեցումներն ու տեսակետները:

Հնչել են նաեւ 3-4 անհավասարակշիռ եւ ոչ կառուցողական ելույթներ: Չնայած այդ հանգամանքին, պատվիրակության անդամներն ընդգծեցին, որ քննարկումն ընթացել է կառուցողական մթնոլորտում. հիմնականում եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պաշտպանող ելույթներ:  Արվել են մի շարք առաջարկներ, որոնց թվում նաեւ` հակամարտության կարգավորման գործընթացում խորհրդարանական վեհաժողովի մասնակցության մեծացման վերաբերյալ:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ այս քննարկումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ  իր ձեւաչափով տարբերվում էր նախորդ քննարկումներից: Խնդիրն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ    քննարկում ծավալվել էր 2005 թվականին` ԼՂ հարցով նախկին զեկուցող Գորան Լենմարկերի «Ոսկե հնարավորություն» առաջարկների փաթեթից  հետո:

Նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ԽՎ-ի  նախագահի ԼՂ հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ Ժոաո Սուարեշի այցը տարածաշրջան:

Պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը նկատեց, որ Բալկաններում գոյություն ունեցող բոլոր ինքնավար կազմավորումներն այսօր ինքնավար պետությունների կարգավիճակ ունեն, ինչպես նաեւ համեմատություն է կատարվել Բալկանների եւ Հարավային Կովկասի միջեւ:    Նա  առանձնացրեց ամերիկացի համանախագահ Բրադտկեի խոսքերը, ով նշել է, որ այն երեք հանրաճանաչ սկզբունքները, որոնք այսօր առկա են բանակցային սեղանին, մենյու չեն, որ ինչ ուզենան` նա էլ ընտրեն, այլ մեկ ամբողջություն են կազմում, եւ դա պետք է բոլորը հասկանան: Պարոն Դավթյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Բրադտկեն անթույլատրելի է համարել Թուրքիայի ակտիվ մասնակցությունը ԼՂ հարցի կարգավորմանը: Պարոն Դավթյանը նշեց նաեւ, որ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակների մոտ ձեւավորվել է այն տեսակետը, ինչը ներկայացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի   համանախագահների կողմից եւ համահունչ  է մեր երկրի  պատկերացումներին եւ սպասումներին:

Պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ ողջ քննարկման ընթացքում կարմիր թելի նման անցել է այն միտքը, ըստ որի` ԼՂ հակամարտության կարգավորման խոչընդոտողն Ադրբեջանն է: Բազմիցս նաեւ հնչեցվել է այն տեսակետը, թե ԼՂ հակամարտության կարգավորումը պատվիրակները տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը իրազեկեց, որ  աշնանային նստաշրջանի ընթացքում չեն կայացել քվեարկություններ եւ չի ընդունվել որեւէ փաստաթուղթ, քանի որ այդ է պահանջում ԵԱՀԿ ԽՎ կանոնակարգը:

 

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply