Անարդարություն «Ավիվա» մարզադաշտում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 13, 2011 15:15
Հոկտեմբերի 11-ը կարևոր պահ էր հայկական ֆուտբոլի տարեգրությունում: Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընտրական մրցաշարի վերջին հանդիպումն անցկացրեց Իռլանդիայի ընտրանու հետ և չկարողացավ պայքարն այս ստուգատեսում շարունակելու իրավունքի արժանանալ:
B խմբի այդ խաղում պետք է որոշվեր, թե որ հավաքականն է զբաղեցնելու 2-րդ հորիզոնականը և նոյեմբերին փլեյ-օֆֆում պայքարը շարունակելու եզրափակիչ ուղեգրի համար:
Հանդիպումը դրամատիկ իրադարձություններով հարուստ էր, իսկ արդարությունը մեր կողմը չէր: Կարելի է ենթադրել, որ նախորդ ընտրափուլում իռլանդացիներն էին անարդարության զոհ դարձել Ֆրանսիայի հավաքականի հետ անցումային մրցամարտում, և այս անգամ որոշել էին այս թիմին սիրաշահել: Ամեն դեպքում, խաղի գլխավոր մրցավար, իսպանացի Իտուրալդե Գոնսալեսն այնպիսի բան արեց, որ մերոնք հայտնվեցին անելանելի դրության մեջ:
Հանդիպման 26-րդ րոպեին խաղահրապարակից դուրս գնդակին ձեռքով դիպչելու համար մարզադաշտից հեռացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մինչդեռ ակնհայտ էր, որ գնդակը նրա կրծքին է դիպել: Բացի այդ, դարպասապահը պաշտպանական իր տիրույթներում էր: Դա խաղից հետո խոստովանել է Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը: Բացի այդ, նա նշել է, որ հարձակման պահին ինքն է ձեռքով խաղացել, և մրցավարը դա չնկատելու է տվել:
Այսպիսով Բերեզովսկուն փոխարինեց «Փյունիկի» 20-ամյա դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ մեր թիմի երկրորդ դարպասապահ Գևորգ Կասպարովը մրսած էր, չէր ապաքինվել և չէր մեկնել մրցավայր: Փաստորեն, Հայաստանի հավաքականը մնաց 10 խաղացողով և առանց փորձառու դարպասապահի: Իսկ խաղի 42-րդ րոպեին, երբ մեր դարպասապահի անվստահ խաղից հետո սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Վալերի Ալեքսանյանը, դրությունն էլ ավելի բարդացավ: Երկրորդ կեսի 60-րդ րոպեին մեր հավաքականի դարպասապահի կոպիտ սխալից հետո գոլի հեղինակ դարձավ Ռիչարդ Դանը: Ճիշտ է, հանդիպման 62-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանի լավ փոխանցումից հետո, վարպետորեն կատարված հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին մերոնք անել չկարողացան և, պարտվելով 1:2 հաշվով, դուրս մնացին պայքարից:
Այդպես էլ մեր մարզասերների սպասելիքները մնացին անկատար: Հայաստանի հավաքականը վաստակած 17 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Իսկ առաջին երկու հորիզոնականներում են Ռուսաստանի (23) և Իռլանդիայի (21) ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
