«Աղջիկներով իջանք, վերցրինք այդ մեքենան, դրինք մի կողմ ու գնացինք». Նազիկ Ավդալյան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 10:33
Ամուսնացել է Նազիկ Ավդալյանը։ Առաջիկա երկու տարիներին նա չի վերադառնա մեծ սպորտ։ Ըստ բժիշկների՝ վերջին ավտովթարից հետո լիարժեք ապաքինվելու համար նա դեռ պիտի ծանրություններ չբարձրացնի և շարունակի բուժումները։ Այս մասին նշեց աշխարհահռչակ մարզուհին՝ Հ2 հեռուստաընկերության «Երևանի գիշերներում» հաղորդմանը երգիչ Արսեն Սաֆարյանի հետ ուրախ զրույցում։
Սպորտային կյանքը նա սկսել է՝ որպես ակրոբատ, պարապել է նաև ըմբշամարտ, սակայն Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է դարձել՝ որպես ծանրամարտիկ։ Երազում է բացել իր մարզադպրոցը, և հիմա իրավաբանական կրթություն է ստանում՝ երազանքի դպրոցի «փաստաթղթերից գլուխ հանելու համար»։
«Սպորտը չի աղջկան դարձնում «տղավարի»,- ասաց աշխարհի չեմպիոնը։- Եթե բարձրացնում ես ծանրաձող, դա չի պարտադրում, որ հոգիդ փոխվի»։ Նա նշեց, որ ինքն էլ ճանաչում է մարզուհիների, որ երկու-երեք պարապմունքից հետո ընդունում են տղայի կեցվածք, հագնվում և իրենց պահում «տղավարի»։ Նազիկ Ավդալյանն ասաց նաև, որ պարապմունքների ժամանակ օգտագործվում են միայն վիտամիններ և վերականգնիչներ, իսկ դեղերը և հորմոնալ պրեպարատները (որոնց «մեղադրում են» հորմոնալ խանգարումների և «տղայանալու» համար) խստիվ արգելված են և միշտ հայտնաբերվում են ստուգումների ժամանակ։
Ըստ նրա՝ ուժեղ կարելի է դառնալ նաև առանց նման խթանիչների։ Նազիկ Ավդալյանը պատմեց, որ մի անգամ Ծաղկաձորում մարզական իրենց թիմը մեքենայով ընթանում էր, իսկ մի մեքենա կանգնած էր երթևեկությանը խանգարող դիրքով։ «Աղջիկներով իջանք, վերցրինք այդ մեքենան, դրինք մի կողմ ու գնացինք»,- ասաց նա։
«Փորձը ցույց է տալիս, որ կինը թույլ չէ, դա թյուր կարծիք է։ Կինը շատ-շատ զենքեր ունի՝ իր նպատակին հասնելու՝ գրավելու, համոզելու։ Եվ պետք չի կնոջը նայել, որպես թույլ էակի,- փաստեց Արսեն Սաֆարյանը։- Եվ այստեղ շատ մեծ դեր ունի, թե ինչպես են իրենք՝ տղամարդն ու կինն իրար վերաբերվում։ Կինը պիտի իմանա, որ իր առջև տղամարդ է, իսկ տղամարդը, որ իր առջև կին է»։ Ըստ նրա՝ այս պարզունակ ճշմարտությունը շատ խնդիրներ կարող է լուծել։
Մարզուհին լիովին համաձայն էր երգչի հետ. նա հավելեց. «Ասում են, չէ՞, տղամարդը գլուխն է, կինը՝ վիզը, և եթե կինը խելացի է, որ կողմ ուզի, այդ գլուխը կպտտի»։
Պատասխանելով Արսեն Սաֆարյանի՝ «երջանի՞կ ես» հարցին՝ մարզուհին պատասխանեց. «Միանշանակ՝ այո»։ Էրիկ անունով իր երջանկությանը մարզուհին հանդիպել է ուսումնամարզական հավաքներում և ուղղակի ընկերներ են եղել։ «Գիտե՞ս ինչ, ամեն ինչ կարող է էսպես արագ չստացվեր, եթե կողքից էդքան չխոսեին մեր ընկերության մասին»,- պատմեց նա։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
