Հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է հերթական՝ թվով երկրորդ մարդահամարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2011 23:43

Օրենքով սահմանված կարգով՝ մարդահամարը պարտադիր է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, բոլոր անհատական տվյալները գաղտնի են, և դրանք կարող են օգտագործվել միայն անվանազերծված ձևով, իսկ մարդահամարի վերջնական արդյունքները ենթակա են օգտագործման միայն ամփոփված և խմբավորված տեսքով:

ԱՎԾ-ն նախազգուշացնում է` մարդահամարի տեղամասային հաշվարարը տան դուռը թակելիս պիտի ներկայացնի իր հաշվարար լինելու վկայականը, պիտի իր մոտ լինի նաև իր անձնագիրը, իսկ եթե ամեն դեպքում տանտերերը խուսափեն անծանոթի առջև բացել դուռը, հաշվարարի կամ տանտիրոջ նախաձեռնությամբ կարող է հրավիրվել ոստիկանության աշխատակից՝ տեղում հավաստելու նրա հաշվարար լինելը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր մարդահամարները կրում են ոչ միայն համապետական, այլև՝ համաշխարհային նշանակություն։ Դրանք իրականացվում են ՄԱԿ-ի կողմից սահմանված տասնամյակային փուլերով և միասնականացված մեթոդաբանությամբ։ Անկախացումից ի վեր Հայաստանը ևս իր տասնամյակներն է ամփոփում մարդահամարով. այն համարվում է վիճակագրական միջոցառում, իսկ Հայաստանը ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի անդամ է։

«Առավոտը» օրաթերթը գրում է, որ մարդահամարն արդեն իսկ զայրացրել է գյումրեցիներին: «Տարբեր կառույցներում քննարկման թեման այն է, որ կառավարությունը մարդահամարի անվան տակ հաշվում է քաղաքացիների փողերը: Բանն այն է, որ 33 հարցերի մեջ ընդգրկվել են այնպիսիք, որոնք ոչ այլ ինչ են, քան հաշվետվություն սեփական եկամուտների մասին:… «Սա ոչ թե մարդահամար է, բնակչության փաստացի քանակը որոշելու ձև, այլ շպիոնիզմ է, գրպանիդ պարունակությունը հաշվելու, հարստությունդ ու ունեցվածքդ ֆիքսելու միջոց: Ում է պետք, թե ես ինչով եմ ջեռուցվում` աթարի պեչկով, թե բաքսիով, կամ թե տանը բաղնիք-զուգարան, ինտերնետ ունեմ, թե ոչ: Ի վերջո` ում եմ հաշվետու` ապրում եմ, թե մեռնում: Ասենք, թե տեղեկացրի, որ մեռում եմ, մատներիցս փո՞ւշ եք հանելու»,-ասում էր հաշվարարի հարցերին պատասխանող զայրացած գյումրեցիներից մեկը` գտնելով, որ խախտում են իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»:

«Հրապարակ»-ը գրում է. «Մարդահամարի առանձնահատկությունն այն է, որ սոսկ անձնական տվյալներ չեն պարզելու, այլ, օրինակ, թե ով ինչ կրոնական դավանանք ունի` առաքելական է, կաթոլիկ, Եհեվայի վկա, ավետարանական, անհավատ, թե մորմոն: Հարցաթերթիկում ներառված է կրոնական կազմակերպությունների հսկա շարք: Սա թերևս հավատաքննության դասական օրինակ է, թեև ասվում է, որ հարցաթերթիկն անանուն է լինելու, սակայն փորձ է արվում պարզել մարդկանց հավատքը»:

«Հայոց աշխարհ»-ը իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001թ. (մշտական բնակչության թիվը` 3 միլիոն 213 հազար): Առկա բնակչության թիվը եղել է շուրջ 3 միլիոն 2,5 հազար մարդ։ Այդ մարդահամարի տվյալներով` Հայաստանում բնակչության թիվը նվազել էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական վարչական հաշվառումը ոչ միշտ է ամբողջական պատկերացում տալիս բնակչության իրական տեղաշարժերի մասին, մինչև հերթական մարդահամարը փորձ է արվում կատարել նաև այլընտրանքային հետազոտություններ` հիմք ընդունելով սահմանը հատած քաղաքացիների տվյալները:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply