Մախաչկալայում ահաբեկչության ժամանակ զոհված հայազգի երիտասարդի դին դեռեւս հարազատներին չեն տվել,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2011 18:25


Մախաչկալայում, սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված հայազգի երիտասարդի՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանի դին դեռեւս հարազատներին չեն տվել:

«Շիրակ Կենտրոնից» “Անկախ”-ին հայտնում են, որ նա այդ օրը սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու, 3 ուղեւոր նստել էին մեքենան, որոնցից մեկի մոտ էլ եղել էր պայթուցիկ սարքը, որը հենց մեքենայում էլ պայթեցվել էր: Դեպքից 3 օր անց զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով, ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար, նրանց դիերը Մախաչկալայից տեղափոխվել է Ռոստով:

Թեեւ դեպքից անցել է արդեն 22 օր, սակայն զոհվածի դին դեռեւս չեն տվել Ռոստովում սպասող հարազատներին:

Զոհված երիտասարդի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում եւ ակնկալվում էր աջակցություն` դին Հայաստան տեղափոխելու համար:

Այսօր «Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչներն այցելել են նրանց` Գյումրիի Պուշկինի 44 հասցեում գտնվող բնակարանը եւ զրուցել Կարենի հոր եւ հարազատների հետ: Ռոստովում հետազոտությունն արդեն իսկ ավարտված է, սակայն դեռեւս սպասում են Մախաչկալայում աշխատող համապատասխան հանձնաժողովի եզրակացությանն ու թույլտվությանը, որպեսզի դին հանձնեն հարազատներին:

Մայրը` Ծովինար Ասատրյանը որդու զոհվելու մասին լուրն իմանալուց հետո մինչեւ օրս անկողնային հոգեկան եւ առողջական ծանր վիճակում է: Նրանց ընտանիքին ոչ միայն որեւէ շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել, այլ նաեւ հարեւանների խոսքով. «Ոչ մարզային եւ տեղական իշխանություններից, ոչ Ազգային ժողովի պատգամավորներից որեւէ մեկը նրանց դուռն անգամ չի բացել»:

Ավելացնենք, որ դեպքից մի քանի օր անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը հայտարարել էր. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել  զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու համար»: Սակայն նրանց կողմից եւս ոչ մի շոշափելի աջակցություն չի ցուցաբերվել: Զոհվածի հարազատներին հայտնի չէ նաեւ, թե արդյոք ՌԴ իշխանությունների կողմից որեւէ փոխհատուցում տրվելո՞ւ է իրենց ընտանիքին:

 

 

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply