Ինչ”մեսիջներ՚”փոխանցեց Նիկոլա Սարկոզին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 12, 2011 19:13


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռ մի քանի օր առաջ ավարտեց իր այցելությունը Հարավային Կովկաս, սակայն քննարկումներն ու մեկնաբանությունները` կապված այդ այցի հետ, դեռ շարունակվում են:Այն, որ Ֆրանսիայի նախագահի այցը մի շարք ՙմեսիջներ՚ փոխանցելու հստակ նպատակ ուներ, առավել քան ակնհայտ է:Սակայն իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հարաբերությունների մի շարք ենթաշերտեր` սկսած Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակից:

Իրավիճակը Ֆրանսիայում

Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սենատում հաղթեցին սոցիալիստները, որը մեծ հարված էր անձամբ Նիկոլա Սարկոզիի հեղինակության համար:Սակայն Ֆրանսիայի` որպես նախագահական երկրի համար շատ ավելի կարևոր են նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք սարերի հետևում չեն, տեղի են ունենալու 2012 թ. ապրիլին:Բայց հաշվի առնելով Եվրոպայում խորացող տնտեսական խնդիրները, քաղաքական գործիչների կաշառակերության հետ կապված սկանդալները` Սարկոզին փորձում է առավել աչքի ընկնել որպես արտաքին քաղաքականության մեջ հաջողակ գործիչ և հենց դրանով դրականորեն տարբերվել սոցիալիստ թեկնածուներից:Ընդ որում, Ֆրանսիան ակնհայտորեն սկսում է ակտիվացնել իր աշխարհաքաղաքական դերակատարությունը, և այդ առումով մեծ նշանակություն ունեցավ ֆինանսական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի պասիվացումը:Արդյունքում Լիբիայի ներքաղաքական ճգնաժամին ՆԱՏՕ-ի միջամտության ժամանակ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ստանձնեցին առաջատար դեր, որը միջազգային վերլուծաբանների կողմից մեկնաբանվեց որպես հաջողված փորձ:

Դերակատարություն Հարավային Կովկասում

Ավելին` Ֆրանսիան որոշակիորեն փորձում է Հարավային Կովկասում ակտիվ միջնորդի նախաձեռնողական դերում փոխարինել Ռուսաստանին: Եվ այս առումով կարևոր է երկու հանգամանք.

1.Ֆրանսիան Հարավային Կովկասում ազդեցության ձեռքբերման հարցում Ռուսաստանի հակամարտող մրցակիցը չի հանդիսանում, ինչպիսին ընկալվում է ԱՄՆ-ն:

2.Ի տարբերություն Ռուսաստանի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի, որը դիրքավորում է իրեն որպես Լեռնային Ղարաբաղի հարցում առանցքային միջնորդի, Սարկոզին կարող է նման դեր ունենալ նաև Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում:2008 թ. վրաց-օսեթական պատերազմի ժամանակ հենց Սարկոզիի միջնորդական ջանքերի շնորհիվ կնքվեց զինադադարի համաձայնությունը:Եվ չնայած կողմերն այդ պահին ստանձնած պարտավորությունները լիովին չկատարեցին, այնուամենայնիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին:Եվ պատահական չէ, որ Վրաստանի Ազատության հրապարակում ունեցած ելույթում Սարկոզին ընդգծեց հենց Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը և, ըստ էության, պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ հարցում իր միջնորդական գործունեությունը:Իսկ այն, որ Ղարաբաղյան հարցում Ֆրանսիայի գործոնը կարող է ակտիվանալ, խոսվում էր արդեն Կազանի հանդիպումից հետո, երբ Ռուսաստանի նախագահին չհաջողվեց հասնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև փաստաթղթի ստորագրմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի միջնորդությունն էլ պտուղներ չտվեց 2001 թ. քիվեսթյան գործընթացում:Իսկ եթե հերթափոխով Ֆրանսիան իսկապես դառնա հիմնական միջնորդ, ապա կարող են որոշակի փոփոխություններ կրել նաև կոնֆլիկտի կարգավորման առաջարկները:Փորձագետների կարծիքով` Ֆրանսիան` որպես ԵՄ առանցքային երկիր, կողմերին կառաջարկի կոնֆլիկտի կարգավորման ուղի ընտրել տնտեսական ինտեգրման ճանապարհը` փորձելով կիրառել ԵՄ-ի ձևաչափը:Սակայն, իհարկե, որպես միջնորդ, Ֆրանսիան պետք է հաշվի առնի տարածաշրջանային պետությունների հարաբերությունների խիստ առանձնահատկությունները, հակառակ դեպքում չի կարողանա արդյունավետ ներդրում ունենալ:

Այսպիսով, միջնորդական դերակատարությամբ Ֆրանսիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:Սակայն Ֆրանսիայի նախագահը, անկասկած, իր հաշվարկներն ունի նաև ամեն պետության հետ` առանձին վերցրած:Ու այս հարցում այնքան էլ երկրորդական չէ այն հարցը, թե նա ինչքան ժամանակ անցկացրեց պետություններից յուրաքանչյուրում, քանի որ նման”ՙմանրուքները” նման մակարդակի այցերի ժամանակ երբեք պատահական չեն լինում:

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ

Եթե Վրաստան ու Ադրբեջան կարճատև այցելությունների ընթացքում Սարկոզիի հիմնական մեսիջները կապված էին հենց Հարավային Կովկասի կայունության ապահովման խնդիրների հետ, ապա նույնը չի կարելի է ասել Հայաստանի մասին:Հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական ու բազմակողմանի են` սկսած տնտեսականից և վերջացրած քաղաքական համագործակցությամբ:

Չնայած Ֆրանսիան տնտեսական լուրջ ներգրավվածություն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ինչպես գրեցին շատ վերլուծաբաններ, այս անգամ Ադրբեջանին չհաջողվեց իր ՙնավթային առավելություններով՚ դիվիդենտներ շահել:Ֆրանսիայի դեպքում դա չգործեց:Ֆրանսիան Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է, այստեղ աշխատում են ու ներդրումներ են անում մոտ 150 ֆրանսիական ընկերություններ, և ակնհայտորեն Ֆրանսիան փորձում է էլ ավելի խորացնել իր տնտեսական ներգրավվածությունը:

Ընդամենը մի քանի օր առաջ` Ֆրանսիայում Սերժ Սարգսյանի ու Նիկոլա Սարկոզիի հանդիպման ժամանակ, համաձայնություն ձեռք բերվեց համատեղ նոր ատոմակայան կառուցելու մասին:Մի շարք եվրոպական երկրներ մեր երեք հարևան երկրների հետ միասին փորձում են հասնել Մեծամորի ատոմակայանի փակմանը, և Ֆրանսիան միակ եվրոպական պետությունն է, որ աջակցում է Հայաստանի ատոմային քաղաքականությանը:

Եվ, առհասարակ, Ֆրանսիան Հայաստանի բնակչության կողմից ընկալվում է որպես բարեկամ պետություն, ինչի մասին իր այցելության ընթացքում բազմիցս ընդգծեց հենց ինքը` Սարկոզին:Եվ դա արեց ոչ զուտ այցի պաշտոնական կողմը պահելու համար: Ակնհայտ է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հարցում մեծ դեր է տալիս հենց Հայաստանին:Նախ` Ֆրանսիայում հայ համայնքի թիվը գերազանցում է 500 000-ը:Եվ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ հայ ընտրողների ձայները կարող են որոշիչ դեր ունենալ:Ֆրանսիայի նախագահի այցից շատ առաջ արդեն խոսվում էր, որ Ֆրանսիայի նախագահի նպատակը հայ համայնքին սիրաշահելն է, մանավանդ որ սոցիալիստները հայտարարել են ցեղասպանությունը քրեականացնող բանաձևը Սենատում անցկացնելու մտադրության մասին:Ուստի պատահական չէ, որ իր այցելության ընթացքում նա մի քանի անգամ հայտարարեց, որ Թուրքիան պիտի փորձի բաց աչքերով նայել իր կյանքի մութ էջերին ու ճանաչի ցեղասպանությունը, հակառակ դեպքում իրենք ստիպված կլինեն ցեղասպանությունը քրեականացնող բանաձև ընդունել:

Հարցը միայն այն չէ, որ նման հայտարարությամբ Սարկոզին փորձում էր սոցիալիստների նախաձեռնության նպատակահարմարության հարցը շոշափել, այլ այն, որ ցեղասպանության հարցը շատ ուղղակի կապ ունի նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետ:Սարկոզիի այցը առավել ակտիվ քննարկման առիթ դարձավ հենց Թուրքիայում:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարկոզիին մեղադրեց”ՙբազմերեսանիության” և  “ամեն պետության հետ տարբեր լեզուներով խոսելու՚” մեջ:Իսկ Սարկոզին ցեղասպանության մասին երևանյան հայտարարությունները մեկնաբանելիս ընդգծեց, որ ինքը չի զղջում դրա համար, քանի որ այսպես թե այնպես ՙթուրքերն իրեն չեն սիրում՚:

Նկատենք, որ հենց Սարկոզիի իշխանության գալուց հետո նաև կոշտացվեց Ֆրանսիայի դիրքորոշումը` կապված Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու հետ:Թուրքիան փորձում է դառնալ առաջնորդ Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում, ինչպես նաև Հարավային Կովկասում, փորձում է իրեն դիրքավորել որպես”ճնշվածների պաշտպան՚”, հետևաբար, ցեղասպանության հիշատակումը շատ կոնկրետ մեսիջ էր Սարկոզիի կողմից` ուղղված Թուրքիային:

Այսպիսով, Ֆրանսիայի նախագահի այցը դեռ շատ մեկնաբանությունների տեղիք կտա, քանի որ կարող է տարբեր մակարդակներում փոփոխությունների առաջին ազդանշանը լին»:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply