Հաջորդ տարվանից Հայաստանը կարող է հրաժարվել ամառային ժամանակին անցնելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2011 16:54

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին օրինագիծ, որը մինչեւ տարեվերջ կներկայացվի կառավարության հաստատմանը:

Հայաստանն ըստ իր աշխարհագրական դիրքի գտնվում է 3-րդ ժամային գոտում, սակայն որոշ հանգամանքներից ելնելով պատկանում է 4-րդ ժամային գոտուն: Սակայն գարնանը անցնելով ամառային ժամանակի` Հայաստանը հայտնվում է 5-րդ ժամային գոտում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ դա «անիմաստ է»:

«Ստացվում է, որ ամռանը մենք 2 ժամով իրական կեսօրից առաջ ենք ընկնում: Երկրները չպետք է շատ առաջ ընկնեն աշխարհագրական ժամային գոտուց», – ասել է փոխնախարարը:

«Ինչպես եւ ԱՊՀ մի շարք երկրներ, մենք հակված ենք այլեւս ամառային ժամանակին անցում չկատարել», – ասել է Գառնիկ Բադալյանը:

Մինչ նոր օրենքի քննարկումը եւ ընդունումը, ս.թ. հոկտեմբերի 30-ին Հայաստանում ժամացույցի սլաքները 1 ժամ հետ կտարվեն:

«Կարծիքները օրինագծի շուրջ հավաքագրված են, հիմա անցել ենք ամփոփման փուլին: Որոշ մարմինները չեն կիսում մեր գաղափարը, ինչը պայմանավորված է իրենց գործառույթների հետ», – ասել է նա Մեդիամաքս-ին:

Գառնիկ Բադալյանը հավելել է, որ հետագայում Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է կառավարությանը առաջարկել հրաժարվել 4-րդ ժամային գոտուց եւ Հայաստանում սահմանել աշխարհագրական 3-րդ գոտին:

«Սակայն այս կտրուկ փոփոխությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, մասնավորապես, ամբողջությամբ պետք է փոխվեն տարբեր գերատեսչությունների որոշումներում ֆիքսված ժամանակացույցերը», – ասել է նախարարի տեղակալը:

 

Մեդիամաքս

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply