Կնքվել է հուշագիր, որի շրջանակում կանցկացվի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 16:32
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական “ԳՐԵՖ” (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ այս համաձայնագրի ստորագրումը հաջորդել է Ֆրանսիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցին: “Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի: Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը”,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը և հավելել, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում: Ա. Աշոտյանը նշել է, որ Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը:
Պայմանագրում, մասնավորապես, ներառված են հետևյալ կետերը ՝
·ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,
·մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,
· մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,
· աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և “ԳՐԵՖ” (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին՝ 3 տարի ժամանակով: Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Կարևորելով որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդման նոր լեզվական քաղաքականության ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային համագործակցության նախորդ երեք տարիների արդյունավետությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և “ԳՐԵՖ” կազմակերպությունը որոշել են պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար հայ-ֆրանսիական համատեղ կրթական ծրագրերից առանձնացրել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ աշխատանքը և նշել, որ համագործակցություն կա նաև գիտական կազմակերպությունների միջև:






Facebook
Tweet This
Email This Post
