Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 12, 2011 14:55

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի  հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը,  երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու  փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից և շարունակվում են մինչ այսօր:  Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը ևս զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը,  հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է  անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ:

 

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply