Շինարարական տեխնիկան Թռչկանում է, իսկ նախարարությունն անտարբեր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 12, 2011 15:53

Թռչկանի ջրվեժի տարածք է բերվել ծանր շինարարական տեխնիկա. երկու օր առաջ Նալբանդ գյուղի բնակիչները բնապահպանների միջոցով ահազանգեցին Թռչկանում տիրող իրավիճակի մասին:

Այսօր ջրվեժի տարածք այցելած Պահպանենք Թռչկանի ջրվեժը նախաձեռնող խմբի ակնդամ Լևոն Գալստյանը ևս փաստում է, որ կիրակի օրվանից տեխնիկա է բերվել Թռչկանի  տարածք. «Նախկինում վագոնը տարել էին, մարդ չկար, բայց այսօր տեղում կար վագոն, մի կամազ, տրակտոր, նաև մարդիկ կային»:

Երբ փորձեցինք բնապահպանության նախարարությունից ճշտել, թե ինչ է կատարվում Թռչկանում և որքանով է օրինական իրավիճակը, նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանը հաղորդեց, որ ահազանգը ստացել են, սակայն տեսուչը դեռ չի արձագանքել, ուստի չգիտեն, թե ինչ է կատարվում Թռչկանում:

Պեպանյանը նշեց, որ երկու օր առաջվա տվյալներով «Ռոբշին» ընկերությունը նախարարությանը Թռչկանի վրա հէկ-ի կառուցման այլընտրանքային նախագիծ չի ներկայացրել, չեն եղել նաև հանրային լսումներ և քննարկումներ, նոր որոշում էլ չի կայացվել:  Սրան հակառակ,  Պեպանյանը նշում է, որ անգամ եթե Թռչկանում շինարարություն ծավալված լինի, չեն կասեցնելու. «Նախ, ստուգելու ենք, թե խախտումներ թույլ է տրվել, թե իր ունեցած իրավունքների սահմաններում է գործում»:

Հարցին, թե ինչպես կարող էր ընկերությունը առանց Բնապահպանության նախարարության հետ համաձայնեցնելու, առանց նոր ծրագիր ներկայացնելու սկսել շինարարաությունը, Պեպանյանը նշում է. «Եթե իրոք ինչ-որ աշխատանքներ սկսել են, ենթադրում եմ, որ ընկերությունը մտածել է`  իրեն ոչինչ չի խանգարում, բոլոր իրավունքներն ունի»:

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանն ասում է, որ «Ռոբշինը» օրենքով սահմանված կարգով է գործում. բոլոր հնարավոր ատյաններից ունի թույլտվություն և դրական եզրակացություն` լիցենզիա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ջրօգտագործման թույլտվություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն և այլն:  Սակայն, ըստ Պետրոսյանի, թույլտվությունների տրման գործընթացներում առկան են թերություններ. օրինակ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունում խոսք անգամ չկա Թռչկանի մասին, մինչդեռ վերջինս օրենքով պաշտպանված բնության հուշարձան է: Չեն իրականացվել նաև հանրային լսումներ պատշաճ կարգով. եռափուլ լսումների փոխարեն մի անգամ է հանրային քննարկում կազմակերպվել Մեծ Պարնի գյուղում, որին մասնակցել են գյուղապետարանի աշխատակիցներ և ավագանու անդամներ:

Պետրոսյանն ասում է, որ նախարարությանն առաջարկել են չեղյալ հայտարարել առկա որոշումը, նոր հանրային քննարկումներ և փորձաքննություն իրականացնել: Պետրոսյանը նշում է, որ հարկ եղած դեպքում Թռչկանին փրկելու համար դատարան էլ կդիմեն: Իսկ մինչ այդ փորձում են ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:  «Հէկ-ը մեկ օրում չեն սարքում, այդ ընթացքում հույս ունենք հասնել նպատակին, չնայած բացառված չէ, որ կարող ենք փաստի առջև կանգնել. Թեղուտի բացասական օրինակն ունենք աչքի առջև»:

Միևնույն ժամանակ Պետրոսյանը կարծում է, որ իշխանությունները շահագրգռված են Հայաստանի ամենաբարձր ջրվեժի փրկությամբ. «Պարզապես չենք ասում դադարեցրեք աշխատանքները և վերջ: Ջրվեժը էկոտուրիզմի վայր կարող է դառնալ ու բիզնեսմենի կատարած ծախսերը փոխհատուցել»:

Բնապահպան, «Հանուն կայուն  մարդկային զարգացման» հկ նախագահ Կարինե Դանիելյանը «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ Թռչկանի հետ կապված մտահոգությունները փոխանցել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս վստահեցրել է, որ ջրվեժը չի տուժի: «Այժմ պիտի հանրային լսումներ պահանջենք: Եթե հեկ-ի շահագործման ծրագիրը ռադիկալ փոխվել է, այլ բան, եթե ջուրն են քիչ վերցնելու, դա հարցի լուծում չէ»,- ասում է Դանիելյանը:

Պահպանենք Թռչկանի ջրվեժը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները երեկ 5 ժամյա ակցիա էին կազմակերպել. Թռչկանի վրա Կառավարության ուշադրությունը հրավիրելու համար վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրում էին «Պահանջում ենք դուրս բերել ծանր տեխնիկան Թռչկանի տարածքից: Թռչկանը հէկ չի դառնալու» գրությունը:

Այսօր արդեն Տիգրան Սարգսյանի էջին պատասխան գրություն է հայտնվել, որում ասվում է, որ « ՀՀ վարչապետը ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանին հանձնարարական է տվել հրավիրել աշխատանքային խորհրդակցություն, որին կհրավիրվեն հանրային խորհրդի անդամ, ,Հանուն կայուն մարդկային զարգացմանե հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը և բոլոր շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում պետք է քննարկվի Թռչկանի ջրվեժի շուրջ առաջացած խնդիրները, որի արդյունքում նախարարը ՀՀ վարչապետին կներկայացնի առաջարկություններ»:

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին նախաձեռնող խմբի ակտիվիստների հետ հանդիպման Ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բանավոր հրամայել էր  շահագործող ընկերությանը Թռչկանի տարածքում 10 օրով դադարեցնել  շինարարական աշխատանքները և ներկայացնել հէկ-ի շահագործման այլընտրանքային տարբերակ: «Անկախ»-ը  դրան հաջորդող մեկ ամսվա ընթացքում պարբերաբար փորձել է նախարարությունից ճշտել,  թե արդյոք ներկայացվել է նոր առաջարկը ընկերության կողմից, ինչին միշտ բացասական պատասխան է տրվել:

Բնապահպանության նախարարության լուռ անտարբերությունը նախարարի հրամանի անտեսման ու նույնիսկ շրջանցման նկատմամբ առնվազն մտածելու տեղիք է տալիս:

 

 

 

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply