«Ժառանգության» անդամները չեն ասում, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել մանդատից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2009 20:18
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նա «Անկախ»-ին ասաց, որ շուտով բոլոր հարցերին պատասխան կտա անձամբ Հովհաննիսյանը:
Սաֆարյանի բջջային հեռախոսն անհասանելի էր. Բախշյանի փոխանցած քաղաքային հեռախոսահամարով հաջողվեց գտնել Սաֆարյանին, ով չասաց, թե ինչու է Հովհաննիսյանը վայր դրել մանդատը:
Երկար ժամանակ անհասանելի լինելուց հետո հնարավոր եղավ գտնել խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով նույնպես չասաց Հովհաննիսյանի դրդապատճառների մասին և նշեց, թե «Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում հետևել Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին և վայր դնել պատգամավորական մանդատները:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի և Լարիսա Ալավերդյանի հեռախոսները կամ անհասանելի են, կամ չեն պատասխանում զանգերին:
Բախշյանը, Սաֆարյանն ու Մարտիրոսյանն ասում են, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կտա իր քայլի պատասխանը:
Իսկ Հովհաննիսյանի`մանդատը հանձնելու երեկվա լուրը «Ժառանգությունը» կարողացավ հաստատել այսօր:






Facebook
Tweet This
Email This Post
