«ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄ». ժամանակակից արվեստի միջազգային սեմինար Երևանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 12:20
Հոկտեմբերի 14-16-ը Երեւանում կընթանա «ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄ» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են արվեստային եւ տեսական մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ:
Իրենց փորձն ու գործունեությունը Երեւանի գործընկերներին կներկայացնեն Վրաստանի եւ Գերմանիայի ժամանակակից արվեստի գործիչները` Սոֆիա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը եւ Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին, Հայաստանի արվեստային դաշտում կենսափորձ ունեցող մասնագետները (Նազարեթ Կարոյան, Սուսաննա Գյուլամիրյան, Ռուբեն Արեւշատյան, Ազատ Սարգսյան, Աննա Բարսեղյան) եւ արվեստագետների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը:
Միջոցառումը կայանում է Գյոթեի անվան ինստիտուտի “Culture and development” ծրագրի “Competence Center for cultural managers” ենթածրագրի շրջանակներում: Միջոցառման գլխավոր գործընկերն է Գյոթե ինստիտուտը, գործընկերներն են` Անտարես մեդիա հոլդինգը, New Society for Visual Arts-ը (Բեռլին), AICA-Հայաստանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Աջակիցներն են` “The Other Possible Worlds – Proposals on this Side of Utopia” համադրողական խումբը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ “The Club”-ը:
Սեմինարը նախաձեռնել է անկախ համադրող Եվա Խաչատրյանը:
Սեմինարի ամփոփիչ հանդիպման ընթացքում կքննարկվի արվեստի հաստատությունների միջեւ միջազգային ցանցի ստեղծման խնդիրը: Ըստ նախնական մտահղացման` ցանցը հիմնված է լինելու համագործակցության, ինքնակազմակերպվող նմանատիպ հաստատությունների եւ կոլեկտիվների միջեւ փորձի փոխանակության վրա: Համատեղ ջանքերով ստեղծվելու են ծրագրեր, որոնք իրենց հերթին նպաստելու են ցանցի զարգացմանը: Դրանցից մեկը ցանցի մասնակից երկրներում արվեստագետների եւ համադրողների համար արվեստի կացարանի (art residency) ծրագրի իրականացումն է: Տարբեր երկրների մասնագետների (արվեստագետների եւ համադրողների) շարունակական փոխանակումը կնպաստի միջմշակութային կապերի զարգացմանը եւ ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ բազմազանությանը: Ցանցի հիմնադիր անդամ երկրները կլինեն Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան:
Միջոցառումները կկայանան «Արվարձան» մշակութային կենտրոնում (Ռաֆֆի 69/1, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Գեղարվեստի ավագ դպրոց), Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, Ակումբում (Թումանյան 40):






Facebook
Tweet This
Email This Post
