Զինված ուժերում ծառայած նախարարները քիչ են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2011 11:08

NEWS.am-ը շարունակում է անդրադառնալ մեր նախարարներին, մասնավորապես` այն խնդրին, թե նրանցից ո՞վ է ծառայել Զինված ուժերում եւ ո՞ւմ մասնագիտությունը կապ ունի իր աշխատանքի հետ: Այս անգամ անդրադարձել ենք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին, Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Նշված նախարարներից թերեւս միայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեպքում է, որ աշխատանքը եւ կրթությունը համապատասխանում են իրար, իսկ ծառայությունն էլ սկսվել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախմբից եւ շարունակվում է մինչ այսօր:

Փոխարենը բանակում չծառայած նախարարների շարքը բացում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ինչ վերաբերում է նրա մասնագիտության եւ աշխատանքի  համապատասխանությանը, ապա նշենք, որ նա ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը, աշխատել է որպես հանքի պետ, ՆԳՆ-ում` օպեր լիազոր եւ այլն, իսկ այժմ ղեկավարում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության ոլորտը:

Բանակում մյուս չծառայած նախարարը Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն է, ով  ավարտել է Մոսկվայի հողաշինարարական ինստիտուտը, հողաշինարարի եւ ինժեների աշխատանքից հետո դարձել է պատգամավոր, նախագահի խորհրդական եւ նախարար:

Բանակում ծառայելու մասին տվյալներ չկային նաեւ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի կենսագրությունում: Նա սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, խառատի, էլեկտրիկի աշխատանքից հասել է մինչեւ սովխոզի տնօրեն, Կոտայքի մարզպետի խորհրդական, տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ եւ քաղաքաշինության նախարար:

Մեկ այլ նախարարի` Ֆինանսների ոլորտը ղեկավարող Վաչե Գաբրիելյանի դեպքում կրթությունը եւ աշխատանքային գործունեությունը համապատասխանում են, նա սովորել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, ուսումը շարունակել ասպիրանտուրայում, աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, Կենտրոնական բանկում, ապա նշանակվել Ֆինանսների նախարար: Սակայն,  նա եւս չի ծառայել Զինված ուժերում:

Մեր կին նախարարներից` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կրթությունը եւ աշխատանքային գործունեությունը հետաքրքիր են: Նա նախ ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հետագայում` իրավաբանական ֆակուլտետը, Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան: Աշխատանքային գործունեությունը եւս տարբեր է` ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղարից, պատգամավորից, մինչեւ սոցիալական ապահովության նախարար, իսկ այժմ` սփյուռքի նախարար:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply