Հայաստանի ՊՆ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում «Եղնիկներ» զորամասում զինվորի բռնաբարության մասին լուրը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 11:02
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունն առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում Արթիկից զորակոչված մի զինվորի նկատմամբ սեռական բռնություններ են գործադրվել:
ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: «Այդ փաստը կարող ենք հաստատել միայն դատաբժշական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Եզրակացությունը դեռ չունենք, չենք կարող ասել` նման բան կա, թե ոչ»,- նշեց նա` հավելելով, որ գործով առայժմ ձերբակալվածներ չկան:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` մի քանի զինծառայողներ ծեծել, ծխախոտ են հանգցրել զինվորի վրա, անգամ սեռական բռնության ենթարկել, եւ վերջինս այժմ գտնվում է հոգեբուժարանում:
Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել:
ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
