Ջոբսի պատկերով է զարդարվել Հելոունի դդումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 9:12
Նարնջագույն բանջարեղենը փորագրող վարպետը Բոլոր սրբերի օրվա նախօրեին վախճանված գյուտարարին է նվիրել իր հերթական աշխատանքը: Սթիվ Ջոբսի մահն անտարբեր չի թողել ոչ մեկի: Տասնյակ համաշխարհային դեմքեր ու հազարավոր երկրպագուներ են արտահայտել իրենց ցավը նրա կորստի կապակցությամբ: Կալիֆոռնիացի նկարիչն էլ իր` ոչ սովորական միջոցն է օգտագործել թվային դարաշրջանի հանճարին հարգանքի տուրքը մատուցելու համար:
44-ամյա Ալեքս Վերը կյանքի համար վաստակում է նշանավոր մարդկանց դեմքերը դդմի վրա փորագրելով: Այս տարի նրա հավաքածուն համալրվել է նաև Ջոբսի պատկերադդմով: Լեգենդար գյուտարարի պատկերի հետ նաև մակագրություն է` Apple: iChangedtheworld` «Ես փոխեցի աշխարհը»:
«Ես միշտ էլ սիրել եմ փորագրել: 2 տարի առաջ կինս խնդրեց իր ընկերության լոգոտիպը փորագրել, ու սկսվեց իմ այս գործունեությունը»: Նա մեծ վարպետությամբ է կատարում իր գործը: Մի քանի տասնյակ շերտ է հեռացնում դմից, որ պատկերի ծավալայնություն ստանա: Դրանից հետո դդմի մեջ լամպ է տեղադրում, որն էլ ներսից լուսավորում է թափանցիկ պատկերը: Իր գլուխգործոցները Վերն ինտերնետում վաճառքի է հանում. յուրաքանչյուրը աշխատանքը վաճառում է 78 դոլարով:






Facebook
Tweet This
Email This Post
