2012 թ. ՀԱՊԿ վարժանքը կլինի Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 11, 2011 17:32
Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 4-րդ նիստը։

Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Նա իր ողջույնի խոսքում կարևորեց արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում համագործակցությունը, քանի որ ոչ մի երկիր չի կարող միայնակ պայքարել պատուհասող խոշոր աղետների դեմ։

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ ՀԱՊԿ դերակատարումը տարածաշրջանի և միջազգային անվտանգության հարցերում ավելի ծանրակշիռ կլինի։

Նիստի ընթացքում քննարկվեցին տեխնածին ու բնական աղետների դեպքում հավաքական արձագանքման, միասնական տեղեկատվական-ծրագրային հարթության ձևավորման և անդամ-երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։

2012 թ. ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ուսումնավարժությունները կանցկացվեն Հայաստանում և նվիրված են լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 20-ամյակին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը շնորհակալություն հայտնեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին` կազմակերպության ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցության և աջակցության համար։

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply