ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Իսպաներենի օրը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 16:22
ՄԱԿ–ում Իսպաներենի օրվան նվիրված հայաստանյան առաջին միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, քաղաքացիական հասարակությունը, միջազգային հանրության ներկայացուցիչները, լրագրողները քննարկեցին Իսպաներեն լեզվի օգտագործման խնդիրը:
Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ–ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Իսպանական կենտրոնի և Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ:Միջոցառմանը աջակցել է նաև Արտաքին գործերի նախարարությունը:
ՄԱԿ–ի պաշտոնյաները, Իսպանական կենտրոնի և ԱԳՆ ներկայացուցիչները խոսեցին ՄԱԿ–ում Իսպաներեն լեզվի կարևորության մասին, ինչպես նաև Հայաստանում իսպաներեն լեզվի, մշակույթի և երաժշտության օգտագործման մասին:
ՄԱԿ–ի մշտական համակարգողի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն ասաց. ՙԵս իսկապես շատ ուրախ եմ տեսնել այսքան լուսավոր երիտասարդների այսօր ՄԱԿ–ի գրասենյակում:Կարևոր է, որ հայերը սովորում են իսպաներեն, ինչը կօգնի նրանց բաց սահմաններ ունենալ իսպանախոս աշխարհի հետ, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ:Մենք ապրում ենք մի բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում ենք, գրում կամ կարդում, ազդում են մեր մտածելակերպի և գործելակերպի վրա՚:
Հանդիսատեսը վայելեց իսպանական պարեր, ֆլամենկո երաժշտություն, պոեզիա և համտեսեց իսպանական ավանդական կոկտեյլներ:Երևանի պետական մանկավարժական համալսարանի անդամները ելույթ ունեցան հետևյալ թեմաների շուրջ` ՙԻսպաներենը աշխարհում և Հայաստանում՚, ինչպես նաև ՙwww.un.org-ի իսպաներեն էջը՚:
Իսպաներեն լեզվի օրը ՄԱԿ–ում նշվում է հոկտեմբերի 12-ին:Այս օրը ավանդաբար նշվում է որպես իսպանական մշակույթի օր, որը համընկնում է նաև Իսպանիայի ազգային օրվա հետ:Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ–ի վեց պաշտոնական լեզուներն են:
2010թ. սկսած ՄԱԿ–ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է ՙՄԱԿ–ում լեզուների օրեր՚. մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը:ՄԱԿ–ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում նշել ՄԱԿ–ի պաշտոնական բոլոր լեզուների օրերը:






Facebook
Tweet This
Email This Post
