Հայաստանի պատվիրակության կողմից 2 փաստաթուղթ է շրջանառության մեջ դրվել. հայաստանյան պատվիրակները` ԵԽԽՎ նստաշրջանի մասին
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Անի Գասպարյան | October 11, 2011 16:20
Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողներին ներկայացրին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքները:
Նշենք, որ այդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության կողմից 2 փաստաթուղթ է շրջանառության մեջ դրվել: Առաջինը պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)» գրավոր հռչակագիրն է, որը նվիրված է ԼՂՀ անկախության քսանամյակին և ԼՂՀ-ին բանակցային սեղան վերադարձնելուն և որը ստորագրել են տարբեր երկրների 32 պատվիրակներ: Երկրորդն այն առաջարկությունն է, որով Հայաստանի պատվիրակները հորդորում են ԵԽԽՎ-ին` բանաձև ընդունել իր կանոնակարգը փոխելու վերաբերյալ` ամրագրելով շահերի բախման բացահայտման մեխանիզմներ:
ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ առթիվ կասկած հայտնեց, թե ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության. «ժողովրդական խորհրդարաններում նման նորմերն առկա են, սակայն ԵԽԽՎ-ում դրանք բացակայում են, և մենք առաջարկում ենք, որպեսզի դրանք գործի դրվեն,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլը հեղեղված այն լուրերին, թե ԵԽԽՎ այս նստաշրջանը բարեհաջող է անցել Ադրբեջանի համար, Դավիթ Հարությունյանը հայտնեց, թե դա ադրբեջանական հայտնի գործելաոճն է. «Անկախ նրանից, թե ԵԽԽՎ-ում ինչ քննադատության է արժանանում Ադրբեջանը, նրանք ամեն ինչ դրական տոնայնությամբ են ներկայացնում: Դա շատ բնական է, եթե երկիրն իրականում չունի որևէ ընդդիմադիր ներկայացուցիչ իր պատվիրակության կազմում և ընդդիմադիր ներկայացուցիչները նշանակովի են»,-ասաց նա:
ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ այս նստաշրջանում գրեթե բոլոր քաղաքական խմբակցություններում լուրջ քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի վերաբերյալ` հատկապես այն տեսանկյունից, որ Ադրբեջանն անընդհատ խոչընդոտում է ԵԽԽՎ համազեկուցողի այցն Ադրբեջան:
Զոհրաբյանը նաև հայտնեց, որ ԵԽԽՎ պատգամավորներից մեկը պատրաստվում է հանդես գալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնութամբ:
Նաիրա Զոհրաբյանը զարմանում է, որ այսքանից հետո Ադրբեջանն այս նստաշրջանն իր համար բարեհաջող է համարում. «Դա միայն վկայում է այն մասին, որ հաջողության վերաբերյալ այդ երկրի պատկերացումներն ուղղակի խեղաթյուրված են»,-ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձևի վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե եվրոպական այդ կառույցը գործարքի է գնացել Հայաստանի իշխանությունների հետ, Դավիթ Հարությունյանը հայտնեց. «Այդ հայտարարությունները շատ հեռու են իրականությունից, քանի որ նման գործարք պարզապես տեղի ունենալ չի կարող»,-ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ապա նա նշեց, որ երկխոսությունը շարունակելու հնարավորություն կստեղծվի, երբ ՀԱԿ-ը ողջամիտ գնահատական տա իրավիճակին և պատրաստ լինի երկխոսել. «Մենք պատարստ ենք երկխոսության, բայց պատրաստ չեն խնդրելու,-ընդգծեց նա:
Ըստ Հարությունյանի, ՀԱԿ-ը շեղվել է բուն նպատակից` երկխոսությունն օգտագործելով զուտ քաղաքական նպատակներով և փորձելով որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել և ընդլայնել ընտրազանգվածը. «Սակայն դա պետք է ոչ թե հենց ՀԱԿ-ին կամ հենց իշխանությանը, այլ պետք է երկրին»,-ավելացրեց նա:
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևը, որտեղ նախապես նշված էր մարտիմեկյան դեպքերը փակված լինելու մասին, փոփոխության է ենթարկվել պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանի և Արմեն Ռուստամյանի առաջարկով. «Մենք ընդհանրապես առաջարկում էինք, որ մարտի 1-2-ի էջը փակված համարելու վերաբերյալ կետը դուրս գար բանաձևից, բայց վեհաժողովն ուղղակի մի նախադասություն ավելացրեց` մարտի 1-2-ի էջը համարում են փակված, բայց ավելացնում են, որ 10 զոհերի սպանությունը մշտադիրտարկման ներքո է գտնվելու» ,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Իսկ ընդհանրապես Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթուղթը մի քանի տարիների ընթացքում մեր դրսևորած վարքագծի արդյունքն է. «Փաստացի, մենք արդյունքներ չունենք, և եթե խոսում ենք գործարքի մասին, մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծն ինչպիսի՞ն էր 2008 մարտի 1-ից հետո, արդյո՞ք այդ ընտրությունները գրագետ քայլերով տեղի ունեցան, թե՞ ինչ-որ առումով մենք ենք էլ ենք սխալվել»,-ասաց նա:
Պատգամավորը համոզված է, որ մեզանից է կախված` ինչ փաստաթուղթ կընդունի ԵԽԽՎ-ն` հիշեցնելով, որ մենք դեռևս չենք ազատվել «ընտրակեղծիք» կոչվող հրեշից, որը ծնվել է դեռևս 1995 թվականին և շատ ու շատ այլ արատավոր երևույթներից ու դեռ ավելին` ավելի ենք մխրճվում այդ ամենի մեջ. «Մենք առաջի հերթին ինքներս մեզ պետք է հարց տանք, մե՞նք ենք թույլ տվել այս իրավաիճակը, թե՞ ԵԽԽՎ-ն է թույլ տվել: Երբեք ԵԽԽՎ-ն չի գալու, մեզ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք: Մենք մեզանից պետք է առաջինը պահանջենք, իսկ մենք մեզանից չենք պահանջել, և սխալը հենց մեր մեջ է»,-կարծում է Փոստանջյանը:






Facebook
Tweet This
Email This Post
