«Մեզանից է կախված` ինչ փաստաթուղթ կընդունի ԵԽԽՎ-ն». Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 11, 2011 14:09

Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևին` կարծիք հայտնեց, թե ընդունված փաստաթուղթը մի քանի տարիների ընթացքում մեր դրսևորած վարքագծի արդյունքն է. «Փաստացի, մենք արդյունքներ չունենք, և եթե խոսում ենք գործարքի մասին, մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծն ինչպիսի՞ն էր 2008 մարտի 1-ից հետո, արդյո՞ք այդ ընտրությունները գրագետ քայլերով տեղի ունեցան, թե՞ ինչ-որ առումով մենք ենք էլ ենք սխալվել»,-ասաց նա:

Պատգամավորը համոզված է, որ մեզանից է կախված` ինչ փաստաթուղթ կընդունի ԵԽԽՎ-ն` հիշեցնելով, որ մենք դեռևս չենք կարողանում ազատվել «ընտրակեղծիք» կոչվող հրեշից, որը ծնվել է դեռևս 1995 թվականին և շատ ու շատ այլ արատավոր երևույթներից ու դեռ ավելին` ավելի ենք մխրճվում այդ ամենի մեջ. «Մենք առաջի հերթին ինքներս մեզ պետք է հարց տանք, մե՞նք ենք թույլ տվել այս իրավաիճակը, թե՞ ԵԽԽՎ-ն է թույլ տվել: Երբեք ԵԽԽՎ-ն չի գալու, մեզ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք: Մենք մեզանից պետք է առաջինը պահանջենք, իսկ մենք մեզանից չենք պահանջել, և սխալը հենց մեր մեջ է»,-կարծում է Փոստանջյանը:

Հիշեցնենք նաև, որ Զարուհի Փոստանջյանի կողմից ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)» գրավոր հռչակագիրը, որը ստորագրել են տարբեր երկրների 32 պատվիրակներ: Հռչակագիրը նվիրված է ԼՂՀ անկախության քսանամյակին և ԼՂՀ-ին բանակցային սեղան վերադարձնելուն:

 

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply