ՀՔԾ պետի տեղակալը հրաժարվում է խոսել իր որդու ձերբակալության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 13:19
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը հրաժարվում է խոսել սեպտեմբերի 23-ին իր որդուն բերման ենթարկելու փաստի առիթով:
«Դուք հասցրեցիք ինձ ամեն ձեւ խայտառակել: Այդ թեմայով խոսել չեմ ուզում, որովհետեւ իրավապահ մարմիններ կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ պետի տեղակալը:
Հարցին, թե որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանության գործողություններն իր որդուն ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելիս, Հայաստանի ճանաչված իրավաբաններից մեկը հայտարարեց. «Չգիտեմ, ես չեմ իրավական գնահատական տալու, համապատասխան ատյաններ կան, իրենք կտան: Իրավաբա՞ն եմ, թե՞ ինչ եմ, ես չեմ գնահատական տալու, Աստծու սիրուն»: Դրանից հետո Մաթեւոսյանը կախեց լսախողը:
Նշենք, որ խոսքը սեպտեմբերի 23-ին կատարված միջադեպի մասին էր, երբ մի ամբողջ շարք աղմկոտ հանցագործությունների մեջ կասկածվող բանդայի վնասազերծման գործողության ժամանակ բերման էր ենթարկվել նաեւ Մաթեւոսյանի որդին:
Ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր. «Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդուն, ապա նա բերման է ենթարկվելԵրեւանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում ի թիվս այլ անձանց»:
Մինչդեռ իրավապահների գործողությունները, եթե իսկապես Մաթեւոսյանի որդուն բերման են ենթարկել միայն այդ հիմնավորմամբ, դուրս են եկել օրինականության սահմաններից: Հայաստանի քրեական դատավարության 153-րդ հոդվածը (Բերման ենթարկելը) բառացի նշում է.
1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային եւ տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաեւ վկան եւ տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչեւ 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց եւ ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաեւ օրենքով նախատեսված այլ անձինք։
Այսինքն, բերման ենթարկելու համար անձը պետք է ունենա կետ 1-ում նշված որեւէ կարգավիճակ` կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի, վկայի կամ տուժողի , այլ ոչ թե պարզապես բերման ենթարկվի ինչ-որ մեքենայի պատկանելությունը ճշտելու նպատակով: Դա ըստ կարգի ոստիկանները կարող էին անել տեղում` Պետհամալսարանի մերձակայքում մի քանի հարց տալով Մարսել Մաթեւոսյանի որդուն, այլ ոչ թե մեկ ամբողջ օր պահեին ոստիկանության բաժնում:
Ի դեպ նույն օրենսգրքի 180 հոդվածը (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) ասում է.
1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
Ինչեւէ, հարցեր են, որոնք առ այսօր իրենց պատասխանը չեն ստացել, իսկ ՀՔԾ պետի տեղակալը չի ցանկանում պատասխանել դրանց: Ավելին, նա չի էլ ցանկանում բողոքարկել ոստիկանների գործողությունների իրավաչափությունը, ինչը, մեղմ ասած, կասկածելի է:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Ըստ պաշտոնական վարկածի մյուս պարագլուխը` Գուրգեն Հայրապետյանը սեպտեմբերի 23-ի առավոտյան, հետապնդման ընթացքում վայր էր ընկել ժայռից եւ մահացել: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
