Եվրամիության պարտքային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա էական չի լինի, վստահ են ԿԲ-ում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 11, 2011 12:43
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ Եվրամիության պարտքային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա էական չի լինի:
«Այս պահին հիմնական խնդիրը դոլար-եվրո փոխարժեքն է, եւ դրանից ածանցված միջազգային շուկաներում այլ տատանումները: Մասնավորապես, եվրոպական երկրների պարտքային ցուցանիշների բարձր մակարդակը բերում է նրան, որ ներդրողները եվրոյից անցում են կատարում այլ արժութային կամ ապրանքային գործիքների: Մեր վրա դա կարող էր ազդել, եթե մեր բանկերը ակտիվային կամ պասիվային մասով ունենային եվրոյով ներգրաված կամ տեղաբաշխված միջոցներ:
Մինչդեռ արտարժութային միջոցների ավելի քան 90%-ը Հայաստանի բանկային համակարգում ամերիկյան դոլարով է, եւ այս տեսանկյունից ուղղակի ազդեցություն մեր տնտեսության վրա մենք չենք ակնկալում: Ներգրաված պարտավորությունները մեծամասամբ ԱՄՆ դոլարով են եւ երկարաժամկետ են», – ասել է Վահե Վարդանյանը:
Ըստ նրա, ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է լինել համաշխարհային տնտեսական պահանջարկի նվազման հետեւանքով:
«Միջազգային կառույցները եւս ակնկալում են, որ համաշխարհային տնտեսական աճը չի լինի այն մակարդակի, որը կանխատեսվում էր մինչեւ այդ խնդիրների խորանալը, համաշխարհային պահանջարկը կարող է նվազել, ինչը ենթադրում է նաեւ պահանջարկի նվազում այն հիմնական ապրանքատեսակների նկատմամբ, որը մենք արտահանում ենք, մասնավորապես՝ պղնձի եւ մոլիբդենի», – ասել է Վահե Վարդանյանը:
Սակայն նրա խոսքերով, դա եւս մեր տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա շատ մեծ ազդեցություն չի թողնի: «Որքան էլ համաշխարհային պահանջարկը նվազի աճի դանդաղման հետեւանքով, հավանականությունը, որ մետաղների գներում կլինեն կտրուկ տատանումներ, շատ փոքր է: Գրեթե բոլոր կանխատեսումներով, գները կմնան այսօրվա մակարդակում, իսկ եթե նույնիսկ նվազում լինի, այն էական չի լինի », – ասել է Վահե Վարդանյանը:
Անդրադառնալով Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մաս կազմող մասնավոր տրանսֆերտներին, որոնց նվազումը հարվածեց տնտեսությանը 2009-ին, Վահե Վարդանյանն ասել է, որ այս առումով եւս դրամատիկ զարգացումներ չեն սպասվում:
«Նավթի գները ուղղակի կոռելացված են Ռուսաստանում եկամուտների մակարդակի հետ, իսկ մեր տրանսֆերտների 75-80%-ը գալիս է Ռուսաստանից: Այն ժամանակ, երբ նավթի գներն անկում են ապրում եւ Ռուսաստանի բյուջեն, որպես հետեւանք, դեֆիցիտային է լինում, դա ունենում է մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն, քանի որ տրանսֆերտները քիչ են ներհոսում Հայաստան», – ասել է ՀՀ ԿԲ ներկայացուցիչը: Նա նշել է, նավթի գների կտրուկ անկում չի սպասվում:
«Կենտրոնական բանկը գնահատում է, որքանով են տարատեսակ ֆինանսատնտեսական զարգացումները ազդելու ձեռնարկությունների եւ անհատների պարտավորությունները մարելու ունակության վրա: Այդ տեսանկյունից ակնհայտ ռիսկեր այս պահի դրությամբ մենք չենք տեսնում», – եզրափակել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը:






Facebook
Tweet This
Email This Post
