Լարված խաղեր` մրցաշարի վերջին օրը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 20:45
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված մինչև 17 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության երկրորդ փուլի մրցաշարում առաջին տեղը գրավեց Վանաձորի հավաքականը: Վճռական խաղում այն 30:26 հաշվով առավելության հասավ ՀՄԴ-ի թիմի նկատմամբ: Մինչև այդ երկու թիմերն էլ առավելության էին հասել բոլոր մ րցակիցների նկատմամբ` տարել էին 4-ական հաղթանակ:
Լարված բնույթ կրեց նաև Շենգավիթի և Աջափնյակի թիմերի հանդիպումը: Բանն այն է, որ աջափնյակցիներն ամբողջ խաղի ընթացքում մի քանի գնդակի առավելություն ունեին: Բայց խաղավերջին, երբ հանդիպման ավարտին մնացել էր 10 րոպե, շենգավիթցիներն ակտիվացան և ոչ միայն կարողացան վերականգնել հավասարակշռությունը, այլև հաղթել մեկ միավորի տարբերությամբ` 27: 26 հաշվով: Արցախի և Վանաձորի երկրորդ հավաքականների հանդիպման ժամանակ անակնկալներ չգրանցվեվին: Արցախցիները հաղթեցին 42:25 հաշվով:
Այսպիսով, վաստակած 10 միավորով լավագույն ճանաչվեց Վանաձորի առաջին թիմը, որի կորիզն են կազմում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողները: Ապա հաջորդեցին ՀՄԴ-ի (8 միավոր),
Շենգավիթի (6), Աջափնյակի (3) հավաքականները: Այս թիմերը նոյեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնության եզրափակչին: Ամենայն հավանականությամբ. այդ ստուգատեսի ավարտից հետո այս հերթականությունը կպահպանվի: Իսկ աղյուսակը եզրափակեցին Արցախի (3) և Վանաձորի երկրորդ հավաքականները (0): Ի դեպ, վերջիններս յուրօրինակ ռեկորդ սահմանեցին` պարտվելով բոլոր խաղերում; Հիշեցնենք, որ Վանաձորի երկրորդ հավաքականը մրցաշարին մասնակցում էր այն պատճառով, որ մրցավայր թիմ չէր գործուղել Ալավերդին: Իսկ Արցախի ներկայացուցիչները, հավասար միավորներ ունենալով Աջափնյակի թիմի հետ, եզրափակիչ չմտան միայն խփած և բաց թողած գնդակների ավելի վատ տարբերության պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
